Էրդողան. Հունաստանը ՆԱՏՕ-ում որևէ արժեք չունի
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հունաստանի գործողությունները բացասաբար չեն ազդի Անկարա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։
«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «ՆԱՏՕ-ի հրամանատարության օգոստոսի 30-ի ուղերձի հեռացումը չի ազդի Անկարա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, և դաշինքի գոյությունն առանց Թուրքիայի հնարավոր չէ պատկերացնել»։
Երեք օր առաջ ՆԱՏՕ ցամաքային զորքերի հրամանատարությունը Twitter-ում թուրքերեն հաղորդագրություն էր հրապարակել օգոստոսի 30-ի՝ Թուրքիայի բանակի օրվա կապակցությամբ և ժամեր անց հանել այն ՝Հունաստանի բողոքի պատճառով։
1922 թվականի օգոստոսի 30-ին թուրք-հունական պատերազմն ավարտվեց հունական զորքերի պարտությամբ: Դրանից հետո ամեն տարի այդ օրը Թուրքիայում նշվում է Հաղթանակի օրը, սակայն Հունաստանը դեմ է այս օրը նշելուն: