Հնդկաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Հեռակոնֆերանսի ընթացքում երկու նախարարները քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայում վատթարացող իրավիճակը: Պաշտպանության նախարար Շոյգուն Հնդկաստանի պաշտպանության նախարարին տեղեկացրել է Ուկրաինայում զարգացող իրավիճակի մասին, ներառյալ նրա մտահոգությունները հնարավոր կեղտոտ ռումբերի սադրանքների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հնդկաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը «հաստատել է Հնդկաստանի դիրքորոշումը երկխոսության ու դիվանագիտության ճանապարհով գնալու անհրաժեշտության վերաբերյալ՝ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կարգավորելու համար»։«Նա նշեց, որ կողմերից ոչ մեկը չպետք է դիմի միջուկային տարբերակին, քանի որ միջուկային կամ ճառագայթային զենքի կիրառման հեռանկարը հակասում է մարդկության հիմնարար սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ։Նախարարները պայմանավորվել են կապ պահպանել, հավելել են նախարարությունից։
araratnews.am