Պետք է ազատագրենք մարդկությանը ցեղասպանության արհավիրքից․ Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը յուրաքանչյուր անդամ երկրի կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել ցեղասպանության վտանգի տակ գտնվող համայնքներին պաշտպանելու ուղղությամբ։ Գուտերեշի ուղերձը ներկայացրին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։
«Այսօր` ողջ աշխարհում ցեղասպանության զոհերին և վերապրածներին ոգեկոչելու և հարգանքի տուրք մատուցելու, մեր հավաքական քայլերը վերանայելու, ներկայի և ապագայի համար կանխարգելիչ ջանքերը կրկնապատկելու օրը, ցեղասպանության հանցագործության կանխման և դրա պատժի մասին կոնվենցիայի ընդունումից ավելի քան 70 տարի անց ցեղասպանության սպառնալիքը դեռևս առկա է աշխարհի շատ վայրերում։ Առկա է խտրականություն և ատելության խոսք, ցեղասպանության վաղ նախազգուշացման նշաններն էլ տարածվում են ամենուր։ Պետք է ավելին անենք, որպեսզի այս վտանգավոր միտումների դեմ վճռական քայլեր ձեռնարկվեն և կյանքի կոչվի մեր հանձնառությունն ու ազատագրենք մարդկությանը ցեղասպանության արհավիրքից»,- նշել է Գուտերեշը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի անդամ երկրները ցեղասպանությունները կանխելու առաջային պարտավորություն ունեն։ Գուտերեշն ընդգծել է նաև, որ կրոնական և համայնքային առաջնորդները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածն ու լրատվամիջոցները ևս էական դերակատարում ունեն։
Գուտերեշը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ այս հանցագործությունը կանխելու և վերջ տալու համար։
Նա շեշտել է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աշխարհի առաջնորդն է եղել ցեղասպանության կանխարգելման գործիքներն ինստիտուցիոնալ դարձնելու առումով։
armeniasputnik.am