Մեքսիկայում ձերբակալել են նարկոբարոն Էլ Չապոյի որդուն. 29 զոհ կա
Մեքսիկայի ոստիկանությունը զինվորականների հետ ձերբակալել է խոշորագույններից մեկը համարվող «Սինալոա» նարկոկարտելի ենթադրյալ առաջնորդ Օվիդիո Գուզման Լոպեսին՝ տխրահռչակ նարկոբարոն Խոակին Գուզմանի (Էլ Չապո) որդուն։
Ինչպես գրում է Daily Mail-ը, դրանից հետո նարկոկարտելի անդամները անկարգություններ են սկսել Կուլյական քաղաքում։ Սինալոայի նահանգապետ Ռուբեն Ռոչան հայտնել է, որ անկարգությունների ընթացքում, որոնք տևել են վաղ առավոտից մինչև կեսօր, 12 կրակոց է տեղի ունեցել, ինչի հետևանքով իրավապահ մարմինների 10 աշխատակից է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Քաղաքացիներից տուժել է 11 մարդ, 19 զոհվել է։
Բացի այդ, քաղաքում գրանցվել է թալանի 25 դեպք, ինչպես նաև 250 մեքենայի հրկիզում, որոնք հետագայում օգտագործվել են փողոցները փակելու համար։ Բացի այդ, հաղորդվում է, որ նարկոկարտելի անդամները կրակել են ինքնաթիռների վրա՝ խոչընդոտելու Օվիդիո Գուզման Լոպեսի տեղափոխմանը։
Իրավիճակը ավելի ուշ կայունացել է, երբ Մեքսիկայի իշխանությունները հաստատել են, որ նարկոակարտելի ենթադրյալ ղեկավարն ապահով կերպով տեղափոխվել է Մեխիկո, որտեղից ակնկալվում է, որ նա կարտահանձնվի Միացյալ Նահանգներ:
2019-ին Օվիդիո Գուզման Լոպեսն արդեն ձերբակալվել էր նմանատիպ գործողության ժամանակ, սակայն նարկոկարտելի անդամները քաղաքում լայնամասշտաբ անկարգություններ կազմակերպեցին, մի քանի զինվորական պատանդ վերցրին, ինչպես նաև կարողացան շրջապատել մի խումբ ոստիկանների, որոնք ձերբակալել էին Էլ Չապոյի որդուն: Դրա հետևանքով երկրի իշխանությունները որոշեցին ազատ արձակել Օվիդիո Գուզման Լոպեսին՝ հետագա արյունահեղությունից խուսափելու համար։
2021 թվականին ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլարի պարգև են առաջարկել այն տեղեկատվության համար, որը կարող է հանգեցնել Օվիդիո Գուզման Լոպեսի և նրա երեք եղբայրների ձերբակալությանը։
Խոակին Գուզմանը (Էլ Չապո) աշխարհի ամենահայտնի նարկոբարոնն է։ Մեքսիկայում նա երկու անգամ ազատազրկման է դատապարտվել, երկու անգամ էլ փախել է բանտից։ Վերջին անգամ փախուստն իրականացվել է 2015 թվականին՝ օգտագործելով ստորգետնյա թունել։ Էլ Չապոն փախուստից վեց ամիս անց ձերբակալվել է Մեքսիկայում։ 2017 թվականին նա արտահանձնվել է ԱՄՆ։ 2019 թվականի հուլիսին ԱՄՆ դաշնային դատարանը նարկոբարոնին դատապարտել է ցմահ ազատազրկման։
tert.am