Պեկինն արձագանքել է Ներկայացուցիչների պալատում հակաչինական բանաձևի հաստատմանը
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը, հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, արձագանքել է Ներկայացուցիչների պալատում հակաչինական բանաձևի հաստատմանը:
Փետրվարի 4-ին ԱՄՆ բանակը Կարոլինայի ափերի մոտ F-22 կործանիչով խոցել էր երկրի օդային տարածք մուտք գործած չինական օդապարիկը, ինչից հետո երկու երկրների հարաբերություններն ավելի են սրվել:
Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որը դատապարտում է չիանական օդապարիկի մուտքն ԱՄՆ օդային տարածք, այն որակելով որպես «ԱՄՆ ինքնիշխանության խախտում»։
Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան հայտարարել է. «Ենթադրվում է, որ Չինաստանի բանակը կանգնած է լրտեսական խոշոր ծրագրի հետևում, որի շրջանակյում, օդապարիկների միջոցով լրտեսություն է իրականացվում 5 մայրցամաքների ավելի քան 40 երկրում»:
Արձագանքելով ԱՄՆ-ի ու Ճապոնիայի այն հայտարարություններին, թե ԱՄՆ օդային տարածքում հայտնված օդապարիկը տարբեր մայրցամաքներում Պեկինի օդապարիկների նավատորմից միայն մեկն է եղել, Չինաստանի ԱԳՆ խոսնակը քննադատել է այդ կապակցությամբ Վաշինգտոնի գործողությունները:
Նա նշել է. «Չինական կողմը բազմիցս տեղեկություններ է ներկայացրել օդապարիկների վերաբերյալ: Չինական օդապարիկի մուտքն ԱՄՆ օդային տարածք հնարավոր չի եղել վերահսկել: Չինական կողմն այս հարցը բազմիցս պարզաբանել է ամերիկյան կողմի համար, սակայն Վաշինգտոնը ծայրահեղ է արձագանքել, կիրառելով ուժ: Չինաստանը դատապարտում է նման գործողությունները»:
Հերքելով լրտեսություն իրականացնող չինական օդապարիկների նավատորմի մասին լուրերը, Մաո Նինգը նշել է, որ դա ամերիկացիների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:
Նա նշել է. «Միջազգային հանրությունը շատ լավ գիտի, թե որ երկիրն է առաջին տեղում լրտեսության, գաղտնալսման և դիտարկման ոլորտում»։