ՄԱԿ-ը Բաքվին կոչ է արել դուրս գալ Լաչինի միջանցքից
ՄԱԿ-ի փորձագետները Ադրբեջանի Հանրապետությանը կոչ են արել հնարավորինս շուտ դուրս գալ Լաչինի միջանցքից:
Հայկական աղբյուրների հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հինգ փորձագետներ երեկ հայտարարություն են տարածել,որում Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը կոչ են արել անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու համար։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները նաև ընդգծել են, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, և այն ունի հումանիտար մեծ արժեք։
Փորձագետներն ընդգծել են, որ այս ճանապարհի փակումը Լեռնային Ղարաբաղի մոտ 120 հազար բնակիչների համար խնդիրներ է առաջացրել սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հարցում։
Այս հայտարարությունը ստորագրողները զգուշացրել են, որ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարացել է գազի հաճախակի անջատումների պատճառով,ինչը վտանգում է բուժօգնության շարունակումը, իսկ ճանապարհի շարունակական փակումը հանգեցնելու է հումանիտար աղետի այս տարածաշրջանում։