Բայրամովը՝ Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i196864-Բայրամովը_Արցախ_ՅՈՒՆԵՍԿՕ_ի_առաքելություն_ուղարկելու_մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը TÜRKSOY-ի անդամ երկրների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների 9-րդ նիստի բացման արարողության ժամանակ Հայաստանի հասցեին կրկին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 14:31 Asia/Tehran
  •  Բայրամովը՝ Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը TÜRKSOY-ի անդամ երկրների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների 9-րդ նիստի բացման արարողության ժամանակ Հայաստանի հասցեին կրկին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել։

Նա, մասնավորապես, հայտարարել է, թե, իբր, Հայաստանը 30 տարի խոչընդոտել է Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն։ «Վերջին 30 տարիներին հենց Հայաստանն է խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ուղարկմանը Ղարաբաղի տարածք: Հայաստանը համառորեն մերժել է այդ ուղղությամբ առաջարկները»,- ասել է Բայրամովը։ Նա նշել է, որ Բաքուն, իբր, մշտապես աջակցել է առաքելություն ուղարկելուն։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ադրբեջանի ազգային հանձնաժողովը համատեղ աշխատել է բոլոր ուսումնասիրությունների շրջանակում։ Ադրբեջանը մշտապես համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության, մշակույթի և այլ ոլորտներում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Հավելենք, որ Հայաստանը Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն չի խոչընդոտել և չի խոչընդոտում։ Իսկ Բաքվի կողմից կազմակերպության առաքելություն ուղարկելուն խանգարելու փաստն արձանագրվել է նաև կառույցի կողմից։ Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։ «Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։ Ադրբեջանի  տարբեր պաշտոնյաներ էլ, այդ թվում՝ մշակույթի նախկին նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ կառույցին Բաքուն սեփական պահանջներն է ուղարկել և դրանց բավարարման դեպքում է հնարավոր առաքելության կազմակերպումը։

factor.am