Լոս Անջելեսի խաչմերուկներից մեկը անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»
https://parstoday.ir/hy/news/world-i199624-Լոս_Անջելեսի_խաչմերուկներից_մեկը_անվանվել_է_Արցախի_Հանրապետության_հրապարակ
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի և Գրենվիլ պողոտայի խաչմերուկն «Արցախի Հանրապետության հրապարակ» անվանելու օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2023 09:06 Asia/Tehran
  • Լոս Անջելեսի խաչմերուկներից մեկը անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի և Գրենվիլ պողոտայի խաչմերուկն «Արցախի Հանրապետության հրապարակ» անվանելու օգտին:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով LAist պարբերականի տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է՝ «ի պատիվ հազարավոր կմ հեռավորության վրա գտնվող պատերազմող տարածաշրջանի, որը շատ կարևոր է Լոս Անջելեսի մեծ հայկական համայնքի համար»:

Ըստ քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի գրասենյակի՝ խաչմերուկն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը: Պարբերականը հիշեցնում է, որ դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի հետևանքով այնտեղ ապրող մարդիկ բախվել են սննդի պակասի և այլ խնդիրների:

«Ադրբեջանի բռնապետը բացահայտորեն սպառնացել է ցեղասպանությամբ և կոչ է արել վտարել բոլոր հայերին այն տարածքներից, որոնց նա հավակնում է՝ ևս մեկ անգամ սպառնալով ոչնչացնել հայ ժողովրդին իրենց հինավուրց հայրենիքում: Մենք այս քայլն արել ենք՝ հաստատելու Լոս Անջելեսի ժողովրդի համերաշխությունը Արցախի ժողովրդի հետ», - ասվում է Կրեկորյանի հայտարարության մեջ:

tert.am