Մոլդովայում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. մասնակցում է Նիկոլ Փաշինյանը
(last modified Thu, 01 Jun 2023 08:20:12 GMT )
Հունիս 01, 2023 11:50 Asia/Tehran
  • Մոլդովայում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

Մոլդովայում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը։ Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող «Միմի» ամրոցի բակում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա դիմավորում է մասնակից շուրջ 5 տասնյակ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ բացման արարողության ավարտին կարվի նաև արարողակարգային լուսանկար:

2022-ին անցկացված առաջին գագաթնաժողովից հետո մասնակիցների թիվն այս տարի աճել է, Պրահայում անցկացված գագաթնաժողովին հրավիրվել էին 44 երկրների ղեկավարներ: Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրախորհրդարանի նախագահին, 47 երկրների ղեկավարների, բացի Հայաստանից մասնակցում են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Իսպանիան, Լեհաստանը և այլ երկներ:

Գագաթնաժողովին մասնակցում են ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ ոչ անդամ երկրներ: Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է նախորդ տարի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով: Այն նպատակ ունի խթանել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ լուծելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ու ամրապնդելու եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը: Այս տարի գագաթնաժողովը հյուրընկալել է ԵՄ անդամ չհանդիսացող Մոլդովան՝ ի դեմս նախագահ Մայա Սանդուի: Երկրորդ գագաթնաժողովը կկենտրոնանա հիմնականում 3 թեմաների քննարկման վրա, հիմնական թեմաներից է նաև խաղաղության և անվտանգության համար համատեղ ջանքերը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է նաև «Energy, connectivity» թեմայով կլոր սեղան քննարկում: Սա երբևէ Մոլդովայում անցկացված ամենամեծ միջազգային միջոցառումն է: Հենց այս գագաթնաժողովի շրջանակում է նախատեսվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Նախորդ տարի Պրահայում հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովից հետո կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը հանդիպել էին նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները:

tert.am