Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումն իրավական հետևանք Թուրքիայի վրա չի ունենալու. փորձագետ
https://parstoday.ir/hy/news/world-i20173-Բունդեսթագում_Հայոց_ցեղասպանության_ճանաչումն_իրավական_հետևանք_Թուրքիայի_վրա_չի_ունենալու._փորձագետ
Բունդեսթագի ընդունած որոշումը անակնալ էր, քանի որ Գերմանիան երբեք աչքի չի ընկել հայանպաստ դիրքորոշմամբ: Հետաքրքիր է հատկապես այն համերաշխությունը, որը դրսևորեցին այն քաղաքական ուժերը, որոնք ներակայցված էին Բունդեսթագում, որ բարդ խորհրդարան է: Այսպիսի միաձայն որոշում աննախադեպ էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2016 15:07 Asia/Tehran
  • Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումն իրավական հետևանք Թուրքիայի վրա չի ունենալու. փորձագետ

Բունդեսթագի ընդունած որոշումը անակնալ էր, քանի որ Գերմանիան երբեք աչքի չի ընկել հայանպաստ դիրքորոշմամբ: Հետաքրքիր է հատկապես այն համերաշխությունը, որը դրսևորեցին այն քաղաքական ուժերը, որոնք ներակայցված էին Բունդեսթագում, որ բարդ խորհրդարան է: Այսպիսի միաձայն որոշում աննախադեպ էր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրդառնալով Բունդեթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն ասաց Սահմանադրական դատարանի միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: Ըստ նրա՝ իրավական տեսանկյունից չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ գերմանական պառլամենտը բանաձևի միջոցով տվեց վերջնական որակում՝ նշելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Ինչ-որ առումով սա պատասխան էր նաև Եվրոպական դատարանի այդ կասկածամիտ դիրքորոշմանը, որ արտահայտվել էր մինչև Մեծ պալատի որոշումը,որով կասկածի տակ էր դրվում Ցեղասպանության եղելության փաստը, որը պայմանավորվում էր ընդամենը մի քանի պետությունների կողմից ճանաչված լինելու հանգամանքով: «Գերմանիայի ճանաչման փաստի շնորհիվ մեծանում է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը: Սա լուրջ գործոն է գործընթացն էլ ավելի ընդլայնելու համար»,- նշեց փորձագետը: Նա գտնում է, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ խոսքը գնում է միայն 1915-16 թվականների մասին: Կարևոր է , որ հիշատակվում են ոչ միայն հայերը , այլև այլ քրիստոնյա ազգերը: «Պատասխան ստացանք նաև Գերմանիայի մասնակցության վերաբերյալ: Ի վերջո, Գերմանիայի խորհրդարանը ընդունեց, որ այդ երկիրը մեղավոր է միայն այնքանով, որ քայլեր չի ձեռնակել գործընթացը կանխելու համար այն պարագայում, որ, ըստ էության, պարտավոր էր դա անել»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: Նա նկատեց, որ Գերմանիան հավատարիմ մնաց այն ժողովրդավարական արժեքներին, որոնք մշակվել էին դեռևս Վայմարյան հանրապետության ժամանակ: «Ելնելով այն փաստից, որ Գերմանիան ճանաչել է , չպետք է պատասխանատվության բեռն ուղղենք դեպի «հանցակիցը», անտեսելով գլխավոր հանցագործին: Սա չափազանց վտանգավոր կարող է լինել և կանխել հետագա ճանաչումների գործընթացը: Էյֆորիան, իրոք, անտեղի է ՝առանց հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և վերածելով ինչ-որ տոնախմբության»,- նշեց Վարդանյանը: Նրա խոսքով՝ ճանաչումը իրավական հետևանք Թուրքիայի վրա չի ունենալու. «Իրավական տեսանկյունից դա Գերմանիայի օրենսդրության բաղկացուցիչ մաս է, բայց ճանաչումների գործընթացը չափազանց կարևոր իրավաքաղաքական ֆոն է ստեղծում, որի միջոցով իրավական դաշտում կարելի է հաջողության հասնել թե՛ Թուրքիայում, թե՛ միջազգային տարբեր ատյաններում: Սա հերթական բանաձևերից մեկն է, որ ընդունել է աշխարհի հզոր տնտեսություն ունեցող երկրներից մեկը, ինչը չի կարող անտեսվել»: Նա նկատեց, որ դեռևս Հայոց ցեղասպանության նկատմամբ իր քաղաքականությունը շարունակում է պահպանել Մեծ Բրիտանիան և շատ զգուշավոր է այդ հարցում, իսկ Մեծ Բրիտանիային չի կարելի անտեսել ՝ հաշվի առնելով նրա կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ցեղասպանությանը գործընթացը շատ դանդաղ է ընթանում նաև Արևելյան Եվրոպայում:« Պետք է աշխատանքներ տանել այս ուղղություններում ևս հաջողություններ ունենալու համար»,- ասաց փորձագետը:

Ankakh.com

4/6/2016