Ռումինիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Սեւ ծով-Կասպից ծով երթուղին
Սեւ ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային երթուղու շտապ գործարկման անհրաժեշտությունն են քննարկել Ռումինիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Լումինիցա Օդոբեսկուն եւ Ջեյհուն Բայրամովը։
Երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը հեռարձակվել է օնլայն Ռումինիայի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում (Ֆեյսբուքն արգելված է ՌԴ-ում, պատկանում է Meta կորպորացիային, որը ՌԴ-ում համարվում է ծայրահեղական)։
«Մենք այսօր քննարկել ենք մեր երկրների ջանքերի արագացումը Սեւ ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային երթուղու արագ գործարկման ուղղությամբ,- ասել է Օդոբեսկուն։- Այս նախաձեռնությունը, որը մենք զարգացնում ենք Վրաստանի եւ Թուրքմենստանի հետ, թույլ կտա ներգրավել ապրանքների նոր հոսքեր Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից՝ Սեւ եւ Կասպից ծովերի մեր նավահանգիստները վերածելով կարեւոր տարանցիկ կենտրոնների Արեւելք-Արեւմուտք առանցքում։
Ռումինիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «Ադրբեջանը Ռումինիայի եւ ԵՄ կարեւոր գործընկերն է ոչ միայն եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի, այլեւ աշխարհառազմավարական կարեւորության շնորհիվ՝ տրանսպորտային միջանցքների համատեքստում, որոնք կապում են Եվրոպան եւ Ասիան»։
Օդոբեսկուն ասել է, որ կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն ՌԴ-ի հետ հակամարտությունում։ «Մի քանի օրից մենք սպասում ենք Եվրահանձնաժողովի դրական զեկույցին [ԵՄ-ին] Ուկրաինայի եւ Մոլդովայի Հանրապետության միանալու բանակցություններն սկսելու մասին»,- ասել է նա։
Ադրբեջանցի նախարարն, իր հերթին, նշել է, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ անցած տարի առաջին անգամ գերազանցել է 4 մլրդ դոլարը՝ ավելացնելով, որ փոխադարձ ներդրումներն անբավարար են։
news.am