20 անգամ ավելի շատ մահեր. մարդկությանը նոր՝ X հիվանդության են նախապատրաստում
Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, որն անցկացվելու է Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 15-19-ը, քննարկվելու է անհայտ X հիվանդությունը, որի պատճառով կարող են 20 անգամով ավելանալ մահացության դեպքերը, քան COVID-19-ից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով կազմակերպության կայքը։
«Ի՞նչ նոր ջանքեր են անհրաժեշտ առողջապահական համակարգերն առաջիկա բազմաթիվ մարտահրավերներին նախապատրաստելու համար` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր նախազգուաշցումներն առ այն, որ անհայտ X հիվանդությունը կարող է 20 անգամ ավելի շատ մահերի պատճառ դառնալ, քան կորոնավիրուսի համաճարակի հետևանքով է եղել»,– նշվածէ հանդիպման անոնսում։
Նշենք, որ համաժողովի ընթացքում հիվանդության վերաբերյալ քննարկումը տեղի է ունենալու հունվարի 17-ին։ Մասնակցելու են ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը, Բրազիլիայի առողջապահության նախարարը և առողջապահական ոլորտի այլ մասնագետներ։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 5-ին Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ էր արել կրկին սկսել դիմակներ դնել և պատրաստվել COVID-19-ի դեմ` վարակի դեպքերի ավելացման պատճառով։ Նա նաև բոլորին հորդորել է կորոնավիրուսի թեստեր անել ու անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության։