Գերմանիայի ԱԳՆ-ն թուրքական ծագումով խորհրդարանականներին խորհուրդ է տվել չայցելել Թուրքիա
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Բունդեսթագի՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավորներին ուղղված խորհրդով`կոչ անելով զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից: Այս մասին գրում է Der Spiegel թերթը` կառավարությունում իր աղբյուրներին հղումով:
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ինչին ի պատասխան` Թուրքիան անհապաղ հետ է կանչել Բեռլինում իր դեսպանին և գերմանական խորհրդարանի որոշումը սխալ անվանել: Անկարան նաև հայտարարել է, որ կձեռնարկի «գործողությունների պլան» Գերմանիայի հանդեպ:
Գերմանական հասարակության կողմից քննադատության են արժանացել հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները կապված Բունդեսթագի՝ թուրքական արմատներով 11 պատգամավորների հետ: Նա մասնավորապես հայտարարել է, որ թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականները պետք է արյան թեստ հանձնեն՝ պարզելու համար, «թե ինչ տեսակի թուրք են նրանք»: Այդ արտահայտությունը որակվել է որպես խորհրդարանականների վրա հարձակում։
http://armedia.am/
11/6/2016