Հուլիս 01, 2024 09:29 Asia/Tehran
  • Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց տնտեսական խորացող կապեր ունենք ՌԴ-ի հետ. Պարսյան

Տնտեսագետն այն համոզմանն է, որ ՌԴ–ի հետ մեր տնտեսական կապերը քաղաքական որևէ կուրսի փոփոխության դեպքում էլ չեն փոխվի, քանի որ կան փոխշահավետ, սերտ կապեր։

Տնտեսական առումով Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փոխադարձ բավականին խորացող հարաբերություններ, որքան էլ ՀՀ և ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից հնչեն միմյանց ուղղված մեղադրանքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ իշխանության քաղաքական կուրսի փոփոխությունը դեպի Արևմուտք տնտեսական ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել մեր երկրին Ռուսաստանի հետ հարաբերություններում և ԵԱՏՄ շրջանակում։

Տնտեսագետը հիշեցրեց, որ օրինակ, այս տարվա 4 ամսվա տվյալներով` մեր արտաքին առևտրի 60 տոկոսը բաժին է ընկել ՌԴ–ին, մինչդեռ 2023 թ. այն կազմել էր ընդամենը 35–40 տոկոս։

«Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն տնտեսական առումով ունենք բավականին լավ հարաբերություններ հատկապես ԵԱՏՄ շրջանակում։ ՀՀ–ն և ՌԴ–ն միմյանց համար տնտեսական կարևոր երկրներ են դարձել և կարողանում են լուծել կենսական նշանակության շատ խնդիրներ»,– նկատեց Պարսյանը։

Օրինակ` արևմտյան պատժամիջոցների ֆոնին Հայաստանն օգնում է Ռուսաստանին` լուծելու տարբեր սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման և Ռուսաստան հասցնելու խնդիրը։ Նաև դա պատճառ դարձավ, որ ՀՀ տեխնիկա վերաարտահանվող ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գլխավորեց 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Բացի այդ, վերջին 5 ամսվա ընթացքում ՀՀ-ի միջոցով ՌԴ–ն կարողացել է մոտ 4.5 մլրդ դոլարի ոսկի է վաճառել։

Պարսյանը նորմալ է համարում, որ ՀՀ–ն այս պահին ընդգծված պրոռուսական քաղաքականություն չի վարում, այլապես արևմտյան պատժամիջոցները չէին ուշանա նաև Հայաստանի նկատմամբ։ Արդյունքում Ռուսաստանի հետ արտահանման, ներմուծման, փոխանցումների հնարավորությունները չէին լինի։

«ՀՀ կառավարությունը ցույց է տալիս պրոարևմտյան քաղաքականություն, բայց գործնականում ֆինանսապես, տնտեսապես փոխադարձ սերտ կապերի մեջ է ՌԴ–ի հետ»,– ընդգծեց Պարսյանը։

Երբ ՀՀ իշխանությունների կողմից ակտիվանում են պրոարևմտյան հայտարարությունները, ըստ նրա` ՌԴ–ից, բնականաբար, հնչում են նախազգուշացումներ էներգակիրների թանկացման, արտահանման հետ կապված խնդիրների մասին։