Հուլիս 01, 2024 14:06 Asia/Tehran
  • ՌԴ–ի և Հայաստանի առանձին մարզերի միջև առևտրաշրջանառությունն աճել է 2,5 անգամ. դեսպան

Հայաստանի և Ռուսաստանի առանձին տարածաշրջանների միջև ապրանքաշրջանառությունը երկու տարվա ընթացքում աճել է 2,5 անգամ, ինչը պայմանավորված է ձեռք բերված համաձայնություններով, ընդ որում` աճի ներուժը դեռ սպառված չէ: Բելգորոդում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 շրջաններ համաձայնագրեր են ստորագրել մեր մարզերի հետ։ Դա հանգեցրել է նրան, որ Ռուսաստանի շրջանների հետ մեր կապերն այդ մակարդակով ամրապնդվել են։ Ապրանքաշրջանառությունը վերջին 2 տարում առանձին տարածաշրջանների միջև աճել է 2-2,5 անգամ, դրանք լուրջ ցուցանիշներ են։ Եվ դա ամբողջ ներուժը չէ»,- նշել է դիվանագետը` ընդգծելով, որ Հայաստանը ծրագրում է կապեր հաստատել Բելգորոդի մարզի հետ։

Հարությունյանը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու ՌԴ-ն դաշնային մակարդակի ավելի քան 200 համաձայնագիր ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում շուրջ 30-ը` միայն վերջին երկու տարվա ընթացքում:

«Պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերի ինչ–որ հոդվածներով, առանձին մարդկանց արտահայտություններով, այլ միջպետական համաձայնագրերով։ Մենք նպատակ ենք դրել ամրապնդել մեր կապերը, հատկապես միջմարզային մակարդակում»,-ասել է Վաղարշակ Հարությունյանը։