Քննարկումներ՝ Հայոց ցեղասպանության թեման Գերմանիայի կրթական ծրագրում ներառելու շուրջ
Գերմանիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անտո Ազնավուրյանը հաղորդել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում Գերմանիայի կրթական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու շուրջ:
Armenpress-ի հաղորդմամբ, հարցազրույցի ընթացքում Ազնավուրյանը նշել է, որ «Գերմանիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության հարցը լիարժեք ներկայացված չէ: Այժմ քննարկվում է, որպեսզի գերմանական կրթական ծրագրում այդ թեման ներառվի: Դա կնպաստի, որ Գերմանիայում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներն, այդ թվում՝ թուրքերն, իմանան ճշմարտությունը, պատկերացում կազմեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:
Ազնավուրյանը տեղեկացրել է նաև, որ Հայոց ցեղասպանության թեման դպրոցական ծրագրում ներառելու փորձ եղել է: Իրականացվել է պիլոտային ծրագիր Բրանդենբուրգ նահանգում:
Ազնավուրյանի խոսքերով՝ Հայ դատի հանձնախումբը ցանկանում է, որ այդ փորձը տարածվի ամբողջ Գերմանիայի տարածքում և բոլոր դպրոցական դասագրքերում ներառվի Հայոց ցեղասպանության թեման: Ըստ Ազնավուրյանի՝ այս ծրագրի իրականացման համար հավելյալ հող է նախապատրաստում Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:
armedia.am
16/6/2016