Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցված է. ԵՄ դեսպան
Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը դադարեցված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին:
«Եվրամիության առաջնորդների համար Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները պարզ են։ Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքն ակնհայտորեն հետքայլ է։ « ...»Նաև հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նպատակի հետ։ Ցավոք, այս պահին Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը դադարեցված է», - հայտարարել է նա։
Հաղորդվում է նաև, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության համար հատկացված 30 մլն եվրոն և մտադիր է կրճատել ուղղակի օգնությունը կառավարությանը՝ միևնույն ժամանակ ավելացնելով այն ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության համար:
«Անկեղծորեն հույս ունեմ, որ Վրաստանում հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո նոր ձևավորված կառավարությունը, ինչպիսին էլ որ այն լինի, կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ», – ասել է Գերչինսկին:
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմակահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը:
Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը: