Օգոստոս 06, 2024 18:02 Asia/Tehran
  • Բորելը Մերձավոր Արևելքում «անհայտ մասշտաբների պատերազմի» վտանգ է տեսնում

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հարկավոր է կանխել հերթական աղետը, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է՝ տարածաշրջանը կանգնեցնելով պատերազմի վտանգի առաջ։

Այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբների պատերազմի եզրին: Մենք բոլորս պետք է կանխենք հերթական աղետը», – գրել է Բորելը։

Նա նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում անմիջապես հրադադար հաստատել։

«Բոլոր նրանք, ովքեր կանգնած են ապաէսկալացման ճանապարհին, պետք է պատասխանատվության ենթարկվեն», – հավելել է Ժոզեպ Բորելը։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի  քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։

Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով, որ երկիրը «բարձր գին կվճարի» դրա համար։

 

Պիտակ