«SpaceX»–ը բաց տիեզերք է դուրս բերել առաջին մասնավոր անձին
«SpaceX»–ը բաց տիեզերք դուրս բերեց առաջին մասնավոր անձին։ Այդ մասին նշված է «SpaceX»–ի X–ի էջում։
Նշվում է, որ տիեզերական մասնավոր հետազոտությունների առաջատար ամերիկյան «SpaceX» ընկերությունը հաջողությամբ իրականացրել է պատմության մեջ առաջին ամբողջովին մասնավոր տիեզերական զբոսանքը:
«Polaris Dawn» առաքելության կապիտան և հովանավոր, միլիարդատեր ավիատոր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել Երկրի մակերևույթից ավելի քան 700 կմ բարձրության վրա 25 հազար կմ/ժ արագությամբ թռչող «Dragon» տիեզերանավից և մի քանի րոպե անց հաջողությամբ հետ վերադարձել։
Տիեզերանավից դուրս գալը համարվում է ուղեծրային թռիչքի ամենավտանգավոր մասը:
«SpaceX»–ի առաջատար ինժեներ Սառա Գիլիսը, հետևելով նրան, բաց տիեզերքում նույնպես մի քանի րոպե է անցկացրել։ Մասնավոր անձնակազմի երկու մյուս անդամները՝ Գիլիսի գործընկեր Աննա Մենոնը և Այզեկմանի ընկեր Սքոթ «Քիդ» Փոթեթը, մնացել են տիեզերանավի ներսում։
Սակայն նրանք նույնպես հայտնվել են անօդ տարածության մեջ, քանի որ «Dragon»–ը օդային փականներ չունի, և տիեզերք դուրս գալու համար պետք էր լայն բացել լյուկը։
Նշվում է նաև, որ «Polaris Dawn» վեցօրյա առաքելությունը մեկնարկել է երկու օր առաջ և նախօրեին ևս մեկ ռեկորդ է սահմանել՝ բարձրացել է երկրագնդի ամենաբարձր ուղեծիր՝ մարդատար թռիչքների ողջ պատմության ընթացքում՝ ավելի քան 1400 կմ: