Թուրքիան և ՌԴ-ն լուծում են բանկային փոխանցումների խնդիրները. Էրդողանը՝ Պուտինին
(last modified Thu, 24 Oct 2024 08:10:10 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 11:40 Asia/Tehran
  • Թուրքիան և ՌԴ-ն լուծում են բանկային փոխանցումների խնդիրները. Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի համապատասխան գերատեսչությունները լուծում են բանկային փոխանցումների խնդիրները:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի հետ գործարքների պատճառով թուրքական բանկերը ճնշում են զգում ԱՄՆ-ի կողմից, պարբերաբար նախազգուշացումներ են ստանում վճարումների ուղարկման աղբյուրների խստագույն վերահսկողության անհրաժեշտության մասին: Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխհաշվարկներում խնդիրները պահպանվում են, կան փոխանցումների արգելափակման և հաշիվների փակման դեպքեր, թուրքական բանկերում հաճախակիացել են դեպի Ռուսաստան ապրանքների տարանցմամբ զբաղվող ընկերությունների դուրսմղման դեպքերը:

«Ինչ վերաբերում է բանկային փոխանցումներին, ապա մեր գերատեսչությունները լուծում են այդ խնդիրները», այսօր Կազանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Հիշեցնենք, որ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինն ավելի վաղ հայտարարել էր, որ ազգային և թվային արժույթների հիման վրա մեխանիզմի ստեղծումը կարող է լուծել Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա բանկային խնդիրները:

 

Պիտակ