ԱՄՆ-ն նույնիսկ չի փորձել Իսրայելին հետ պահել Իրանին հարվածելուց․ Զախարովա
ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները ոչինչ չեն արել Իսրայելին Իրանին հարվածելուց հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինձ ակնհայտ է թվում, որ իսրայելական հարվածներն Իրանի տարածքին համակարգվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից։ Վաշինգտոնը և նրա մի շարք դաշնակիցներ ոչ միայն չեն փորձել տարհամոզել, ոչ միայն ոչինչ չեն արել՝ Իսրայելին այդ վտանգավոր ձեռնարկումից հետ պահելու համար, այլ հակառակը՝ տարբեր ձևերով ցույց են տվել, որ Իսրայելն իրավունք ունի նման քայլի», – ճեպազրույցի ժամանակ ասել է ռուս դիվանագետը։
Ինչպես նշել Է Զախարովան, Վաշինգտոնը կանոնավոր կերպով զենք է մատակարարում Իսրայելին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ դա նշանակում է, որ Արևմուտքը Մերձավոր Արևելքում գիտակցաբար սրացման նոր փուլ է հրահրել։
«Բացի այդ, որքանով մենք կարող ենք դատել, ամերիկացիները փոխանցել են հարվածներ հասցնելու համար անհրաժեշտ հետախուզական տեղեկատվությունը։ Նման գործողությունները չեն հանգեցնում իրավիճակի ապաէսկալացման, այլ բերում են լարվածության աճի և արժանի են դատապարտման և ամենաբացասական գնահատականի»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։