Եվրոպայի Կանաչների կուսակցությունը կոչ է արել Հունգարիա այցի ընթացքում ձերբակալել Նեթանյահուին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Հունգարիա այցի ֆոնին եվրոպական շատ քաղաքական կուսակցություններ և գործիչներ կոչ են անում գործադրել նրա ձերբակալության վճիռը։
Հղում անելով National կայքին, ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ Բենիամին Նեթանյահուն այսօր մեկնելու է Հունգարիա, և Հաագայի քրեական դատարանի արձակած՝ նրա ձերբակալության վճռի շուրջ քննարկումներն ավելացել են։
Այցի ընթացքում Նեթանյահուն հանդիպելու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և այլ պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Միջազգային քրեական դատարանի որոշումը «ամոթալի» է։
2024թ․ նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր էր տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների և Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների մեղադրանքով։
Եվրոպայի Կանաչների կուսակցության նախագահ Սիարան Քաուն ասել է. «Եվրամիությունը և ազգային կառավարությունները պարտավոր են պահպանել միջազգային իրավունքը և պատասխանատվություն ապահովել ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Amnesty International-ը երեկ հայտարարել է, որ Հունգարիայի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված այցի հրավերը միջազգային իրավունքի արհամարհանք է, և Բուդապեշտը պետք է ձերբակալի նրան ու հանձնի Միջազգային քրեական դատարան:
Amnesty International-ը հայտարարել է, որ Նեթանյահուն մեղադրվում է Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ կատարելու և սովը որպես պատերազմի զենք օգտագործելու մեջ՝ ի հավելումն խաղաղ բնակչությանը դիտավորյալ թիրախավորելու և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու։
Կազմակերպությունը նաև նախազգուշացրել է, որ եթե Բենիամին Նեթանյահուն այցելի Միջազգային քրեական դատարանի անդամ երկրներ, սակայն չձերբակալվի, դա ռեժիմին կխրախուսի շարունակել հանցագործությունները: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Նեթանյահուն քառօրյա պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա։