Բրիտանիան ճգնաժամի եզրին/ Ավելի բարձր հարկեր, թե՞ հանրային ծառայությունների անկում
Pars Today - Վերջին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Բրիտանիայի կառավարության բյուջեի դեֆիցիտը նախորդ ֆինանսական տարվա վերջում հասել է մտահոգիչ 151.9 միլիարդ ֆունտ ստեռլինգի։ Մի ցուցանիշ, որը ոչ միայն պատմության մեջ ամենաբարձրն է, այլև նոր ճնշում է գործադրել Քեյր Սթարմերի կառավարության վրա՝ հարկերը բարձրացնելու և ծախսերը վերահսկելու համար։
«Pars Today»-ը հղում անելով IRNA-ին հաղորդել է, որ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակը հայտարարել է, որ 2025 թվականի մարտ ամսին նախորդող 12 ամիսների ընթացքում կառավարության եկամուտների և ծախսերի միջև եղած բացը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծացել է ավելի քան 20 միլիարդ ֆունտ ստեռլինգով և 10%-ով ավելի է, քան Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության (OBR) անցյալ ամսվա կանխատեսումը։ Մասնագետները զգուշացնում են, որ եթե այս միտումը շարունակվի, կառավարությունը ստիպված կլինի կամ բարձրացնել հարկային դրույքաչափերը, կամ կրճատել հանրային ծառայությունները։
Երկու տարբերակներն էլ կարող են ծանր քաղաքական ծախսեր պարտադրել Սթարմերի կառավարությանը։ Միևնույն ժամանակ, գնումների մենեջերների համակցված ինդեքսը (PMI), որը համարվում է մասնավոր հատվածի տնտեսական առողջության ամենակարևոր ցուցանիշներից մեկը, նույնպես մտահոգիչ միտում է ցուցաբերում։
S&P Global-ի տվյալներով՝ Բրիտանիայի արտադրության և ծառայությունների համակցված ինդեքսը 2025 թվականի ապրիլին նվազել է մինչև 48.2։ Այս ցուցանիշը ոչ միայն ցածր է աճի շեմից (50), այլև ամենացածրն է վերջին 29 ամիսների ընթացքում, ինչը վկայում է տնտեսական ակտիվության անկման և Բրիտանիայի տնտեսական ապագայի նկատմամբ ընկերությունների վստահության անկման մասին։
Սթարմերի կառավարությունը փնտրում է ֆինանսական ռեսուրսներ/ Ավելի շատ պարտք, պարտատոմսեր և հարկեր՞
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Բրիտանիայի կառավարության ներկայիս բյուջեն նույնպես գրանցվել է կանխատեսումներից մոտ 14 միլիարդ ֆունտ ստեռլինգով ավելի՝ հասնելով 74.6 միլիարդ ֆունտի։
Փաստորեն, սոցիալական ապահովության վճարումների, հանրային ծառայությունների ծախսերի և պարտքի տոկոսների աճը լրացուցիչ ճնշում է գործադրել գանձապետարանի վրա։ Բրիտանիայի Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպությունը հայտարարել է, որ հաջորդ տարի պարտատոմսերի թողարկման ծավալը կավելացնի 5 միլիարդ ֆունտով՝ ծախսերը հոգալու համար։ Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ 30-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 1998 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, ինչը մտահոգություններ է առաջացնում կառավարության ֆինանսավորման կայունության վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, S&P Global-ի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Բրիտանիայի արտադրական բաժնի արտահանման վաճառքը նվազել է 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաարագ տեմպերով (բացառությամբ COVID-19 համավարակի շրջանը): Այս անկումը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկաներում պահանջարկի անկմամբ և առևտրային լարվածության սրմամբ, հատկապես բրիտանական ապրանքների վրա ԱՄՆ նոր մաքսատուրքերի ազդեցության տակ։
Իր վերջին զեկույցում Արժույթի միջազգային հիմնադրամը նաև Բրիտանիայի 2025 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 1.6 տոկոսից իջեցրել է մինչև 1.1 տոկոս՝ այդ երկիրը համարելով համաշխարհային պարտքի աճին նպաստող գործոններից մեկը։
Ընդհանուր առմամբ, բրիտանական կառավարությունը դժվարին փորձության է բախվում՝ հաշվի առնելով բյուջեի դեֆիցիտի հանկարծակի աճը և մասնավոր հատվածի գործունեության կտրուկ անկումը։
Չնայած Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը փորձել է հարթել պարտքի կրճատման ճանապարհը այնպիսի բարեփոխումների միջոցով, ինչպիսիք են գործատուների կողմից Ազգային ապահովագրության վճարների ավելացումը և պետական ծախսերի վերանայումը, փորձագետները զգուշացնում են, որ կառավարության ֆինանսական մանևրների տարածքը շատ սահմանափակ է։
Մյուս կողմից, հարկերը բարձրացնելու կամ հանրային ծառայությունները կրճատելու ճնշումները այն ժամանակ, երբ գնաճը բարձր է, իսկ տնտեսական անկումը խորանում է, կարող են զգալիորեն ազդել կառավարության ժողովրդականության վրա։ Վերլուծաբանները կարծում են, որ եթե կառավարությունը չկարողանա զսպել դեֆիցիտը և վերականգնել տնտեսական աճը, կարող է բախվել լեգիտիմության ճգնաժամի և ավելի լայն քաղաքական մարտահրավերների։