Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i236472-Բելառուսում_մեկնարկել_են_ՀԱՊԿ_զորավարժությունները
Բելառուսում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2000 զինծառայող և 450 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա:
(last modified 2025-08-31T11:38:40+00:00 )
Օգոստոս 31, 2025 15:08 Asia/Tehran
  • Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները

Բելառուսում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2000 զինծառայող և 450 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա:

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ երեք զորավարժությունները՝ «Փոխգործակցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2025» զորավարժության, «Որոնում-2025» և «Էշելոն-2025» հատուկ զորավարժությունների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Վիտեբսկ քաղաքի Հաղթանակի հրապարակում և «Վիտեբսկն ազատագրողներին՝ խորհրդային զինվորներին, պարտիզաններին և ընդհատակյա զինվորներին» հուշահամալիրում:

Բացման արարողությանը մասնակցել են Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2000 զինծառայող և 450 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 9 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 70 ԱԹՍ։

Գործի են դրվել ՀԱՊԿ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորքերի (Հավաքական ուժերի) զորախմբերը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Նա նշել էր նաև, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ ավելի ու ավելի է դժվարանում, գրեթե անհնար է դառնում։  Նրա խոսքով՝ «անդառնալիության կետն» անցել է։   ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդգծել էր, որ արևմտամետները Հայաստանի իշխանություններին դրդել են սառեցնել ՀԱՊԿ-ին մասնակցությունը։   ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ն իբր «Հայաստանին փորձանքի պահին լքել է», չեն համապատասխանում իրականությանը: