Ինչո՞ւ է Ալիևը զանգահարել Պուտինին. ռուսաստանցի փորձագետի կարծիքը
https://parstoday.ir/hy/news/world-i237902-Ինչո_ւ_է_Ալիևը_զանգահարել_Պուտինին._ռուսաստանցի_փորձագետի_կարծիքը
Ալիևը շարունակում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հավասարակշռության իր խաղը՝ Ռուսաստանի հետ առերևույթ մերձեցումն օգտագործելով Էրդողանին ճնշելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
(last modified 2025-10-09T09:14:03+00:00 )
Հոկտեմբեր 09, 2025 12:44 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Ալիևը զանգահարել Պուտինին. ռուսաստանցի փորձագետի կարծիքը

Ալիևը շարունակում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հավասարակշռության իր խաղը՝ Ռուսաստանի հետ առերևույթ մերձեցումն օգտագործելով Էրդողանին ճնշելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

«Վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները որոշ չափով սառել են Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող բացահայտ իսրայելամետ քաղաքականության պատճառով։ Արդյունքում, Թուրքիան սկսեց խոսել Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման մասին՝ անկախ Ադրբեջանի դիրքորոշումից։

Եվ այդ ժամանակ Ալիևը որոշեց հաճոյանալ Պուտինին՝ ցույց տալով, որ ինքը մանևրելու տեղ ունի։ Կարծում եմ, որ Ռուսաստանը չպետք է տրվի Ալիևի հնարքներին, այլ Ալիևի ռեժիմից պիտի պահանջի իրական գործողություններ, ոչ թե՝ միայն խոսքեր. Բաքվում ռուս պատանդների ազատ արձակում, Կիևի ռեժիմին Ադրբեջանի աջակցության դադարեցում և Կիևին բոլոր տեսակի օգնությունների մատակարարումների դադարեցում։

Ցավոք, Ռուսաստանում, հատկապես կառավարական կառույցներում, կան բազմաթիվ ադրբեջանամետ և թուրքամետ լոբբիստներ։ Ու եթե թուրքամետ լոբբին հիմնականում բաղկացած է խոշոր բիզնեսներից, ինչպիսիք են «Գազպրոմը» և «Ռոսատոմը», որոնք խոշոր նախագծեր ունեն Թուրքիայում, ապա Ադրբեջանի դեպքում դա կամ կոռուպցիա է, կամ խորհրդային մտածելակերպ։ Դե, կոռուպցիայի հարցը քիչ թե շատ պարզ է։ Այն Ադրբեջանից Ռուսաստան է ներթափանցել դեռևս խորհրդային ժամանակներում, երբ այդ հանրապետությունը կառավարում էր ասյժմյան նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, և ​​այդ ժամանակվանից ի վեր զգալիորեն աճել է։ Եվ մտովի շատերը նախագահ Ալիևին ընկալում են որպես Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) նախկին շրջանավարտ, որի հայրն աշխատել է ՊԱԿ-ում, դրա համար էլ նա, իբր, «մերոնցից մեկն է»։ Սակայն դա բոլորովին էդպես չէ։

Ալիևների ընտանիքը միշտ հակառուսական է եղել և նույնիսկ ԽՍՀՄ-ում պաշտպանել է անջատողական դիրքորոշումներ։ Սակայն մարդկանց մեծ մասը չգիտի դա և սխալվում է՝ ենթադրելով, որ Ալիևի անցյալը երաշխավորում է նրա լոյալությունը։

Այս երկու խմբերն ակտիվորեն լոբբինգ են անում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ հրաժարվելով Անդրկովկասում ռուսական շահերից և անտեսելով ռուսական հասարակության պահանջները, մասնավորապես՝ Ադրբեջանից ներգաղթյալների վերաբերյալ։ Նրանց ջանքերը, հնարավոր է, հանգեցնեն հարաբերությունների որոշակի ցուցադրական կարգավորման, բայց դրանք չեն լուծի երկու երկրների միջև առկա հիմնարար հակասությունները։ Քանի որ անհնար է փոխել Ադրբեջանի ներկա քաղաքականության հակառուսական բնույթը, որը, Թուրքիայի հետ միասին, խթանում է թյուրքական աշխարհի զավթողամոլական ​​​​դոկտրինը»,- նշել է քաղաքագետը։