Պաշտպանական արդյունաբերությունը դարձել է ՆԱՏՕ-ի ռազմավարական առաջնահերթությունը․ Թուրքիայի արտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/world-i247104-Պաշտպանական_արդյունաբերությունը_դարձել_է_ՆԱՏՕ_ի_ռազմավարական_առաջնահերթությունը_Թուրքիայի_արտգործնախարար
Պաշտպանական արդյունաբերությունը դադարել է երկրորդական հարց լինել ՆԱՏՕ-ի օրակարգում և ներկա պայմաններում վերածվել է ռազմավարական նշանակության թեմայի։
(last modified 2026-06-27T10:15:07+00:00 )
Հունիս 27, 2026 12:00 Asia/Tehran
  • Պաշտպանական արդյունաբերությունը դարձել է ՆԱՏՕ-ի ռազմավարական առաջնահերթությունը․ Թուրքիայի արտգործնախարար

Պաշտպանական արդյունաբերությունը դադարել է երկրորդական հարց լինել ՆԱՏՕ-ի օրակարգում և ներկա պայմաններում վերածվել է ռազմավարական նշանակության թեմայի։

Դրա մասին Կանադա կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ մեկնաբանելով հուլիսի 7–8-ին Անկարայում անցկացվելիք դաշինքի առաջիկա գագաթնաժողովը։

Ըստ նրա՝ առաջիկա հանդիպումը կլինի «պատմական», քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ՆԱՏՕ-ի երկրների որոշումները դարձնում է առանձնահատուկ կարևոր ոչ միայն դաշինքի ապագայի, այլև տարածաշրջանային անվտանգության համար։ Օրակարգի առանցքային հարցերից մեկը կլինի պաշտպանական ծախսերի ավելացումը։ Ֆիդանը նշել է, է որ այս թեման արդեն դուրս է եկել պարզ քննարկումների շրջանակից և կուղեկցվի գործնական քայլերի գնահատմամբ ու համապատասխան զեկույցի պատրաստմամբ։

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ում ավանդաբար քննարկվում էին զինված ուժերի կառուցվածքը և դրանց պատրաստվածությունը տարբեր սցենարներին։ Սակայն, նրա խոսքով, վերջին տարիներին՝ հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության և այլ ճգնաժամերի ֆոնին, ակնհայտ դարձավ, որ դաշինքն անցել է պաշտպանական արդյունաբերության դերի ավելի խոր ռազմավարական իմաստավորմանը։

Ֆիդանն ընդգծել է, որ այժմ այն այլևս չի դիտարկվում որպես պլանավորման երկրորդական տարր, այլ դարձել է բարձրագույն ռազմավարական մակարդակի հարց։ Այդ կապակցությամբ Անկարայի գագաթնաժողովում նախատեսված են առանձին միջոցառումներ՝ նվիրված պաշտպանական արդյունաբերությանը։

Միաժամանկ, ըստ նրա, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն դաշինքի ներսում դիրքորոշումների համաձայնեցման, տրանսատլանտյան տարաձայնությունների կարգավորման, սպառնալիքների գնահատման և ՆԱՏՕ-ի պատրաստվածության մակարդակի հարցերը։ Ֆիդանը վստահություն է հայտնել, որ քննարկումները կանցնեն կառուցողական մթնոլորտում։