Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Օգոստոս 31, 2026 16:13 Asia/Tehran
Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում։ Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ ՀՀ կառավարության` երկրների ղեկավարներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
«Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Ալիևը ողջունել են երկու երկրների գործարար համայնքների միջև շփումները և անդրադարձել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև սահմանազատման հարցին, մասնավորաբար, ընդգծվել է այս գործում հանձնաժողովների կարևոր դերը և աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
Ղեկավարները քննարկել են նաև TRIPP-ի իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել դրա շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։
«Փաշինյանն ու Ալիևը դրական են գնահատել խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում»,– ասված է հաղորդագրությունում։