Չինաստանը դեմ է Իրանին առնչվող պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i249772-Չինաստանը_դեմ_է_Իրանին_առնչվող_պատժամիջոցներին
Չինաստանի առևտրի նախարարությունը, նախազգուշացնելով Պեկինի վրա տնտեսական ճնշում գործադրելու նպատակով G20-ի օգտագործման վերաբերյալ, կոչ է արել չեղարկել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, ինչպես նաև չինական ընկերությունների և չինացի քաղաքացիների նկատմամբ կիրառված պատժամիջոցները։
(last modified 2026-09-03T13:21:03+00:00 )
Սեպտեմբեր 03, 2026 16:50 Asia/Tehran
  • Չինաստանը դեմ է Իրանին առնչվող պատժամիջոցներին

Չինաստանի առևտրի նախարարությունը, նախազգուշացնելով Պեկինի վրա տնտեսական ճնշում գործադրելու նպատակով G20-ի օգտագործման վերաբերյալ, կոչ է արել չեղարկել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, ինչպես նաև չինական ընկերությունների և չինացի քաղաքացիների նկատմամբ կիրառված պատժամիջոցները։


ISNA-ի հաղորդմամբ՝ Չինաստանի առևտրի նախարարությունը հինգշաբթի օրը, արձագանքելով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Վաշինգտոնին կոչ է արել անհապաղ շտկել իր սխալ գործելակերպը։

«Ալ-Մայադին» լրատվական ցանցը նույնպես այսօր հայտնել է, որ այդ նախարարությունը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել չեղարկել չինական ընկերությունների և չինացի քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Ավելի վաղ ևս Չինաստանը նախազգուշացրել էր, որ Իրանի հետ կապված կազմակերպությունների և անձանց, այդ թվում՝ Չինաստանի որոշ բնակիչների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ընդլայնումը չպետք է «խաթարի» կամ «թուլացնի» Պեկինի և Թեհրանի համագործակցությունը։

 

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը այս առնչությամբ ընդգծել է. «Չինաստանի և Իրանի միջև համագործակցությունը համապատասխանում է միջազգային իրավունքին, և Պեկինը այս պատժամիջոցների պայմաններում վճռականորեն պաշտպանելու է իր շահերը»։

Չինաստանը Իրանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է և գնում է Իրանի նավթի արտահանման զգալի մասը։

Այս հայտարարությունները հրապարակվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախորդ օգոստոսին Թեհրանի շուրջ տնտեսական օղակն ավելի խստացնելու և Իրանին աջակցող երկրներին սպառնալու Վաշինգտոնի ջանքերի շրջանակում, պատժամիջոցներ  սահմանեց Իրանի հետ կապված մոտ 60 կազմակերպությունների, այդ թվում՝ Չինաստանում գործող մի քանի կառույցների նկատմամբ։

Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Հուան Լինը, պատասխանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ Պեկինի հետ կապված վերջին հայտարարությունների մասին ասել է. «Այս խոսքերը պարզապես քող և պատրվակ են Չինաստանի վրա ճնշում գործադրելու և նրան սահմանափակելու համար»։

 

Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը հավելել է. «Դա միայն վնաս կհասցնի համաշխարհային առևտրատնտեսական կարգին և կթուլացնի համաշխարհային տնտեսության առողջ զարգացումը»։

Լինը նաև արտահայտել է Պեկինի խիստ անհամաձայնությունը G20-ի նման բազմակողմ հարթակները՝ «տնտեսական խափանումներ» և «ավելցուկային արտադրական հզորություններ» պարտադրելու նպատակով օգտագործելուն։

Լինը նաև բոլոր երկրներին կոչ է արել աջակցել բազմակողմանիությանը, ամրապնդել հաղորդակցությունն ու քաղաքականությունների համակարգումը, ընդլայնել բաց և համագործակցային միջավայրը, և միմյանց հետ համագործակցել՝ համաշխարհային արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությունն ու անխափան հոսքն ապահովելու, ինչպես նաև փոխշահավետ արդյունքների հասնելու համար։