Բոլոր աղջիկները կարեւոր են. Բան Կի-Մունի ուղերձը
https://parstoday.ir/hy/news/world-i38062-Բոլոր_աղջիկները_կարեւոր_են._Բան_Կի_Մունի_ուղերձը
Աղջիկ երեխայի միջազգային օրվա այս տարվա թեման հիմնված է Կայուն զարգացման 17 նպատակների վրա. կարգախոսն է՝ «Աղջիկների առաջընթաց՝ նշանակում է Նպատակների առաջընթաց»: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար բան Կի-Մունի՝ Աղջիկ երեխայի միջազգային օրվան նվիրված ուղերձու
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2016 10:21 Asia/Tehran
  • Բոլոր աղջիկները կարեւոր են. Բան Կի-Մունի ուղերձը

Աղջիկ երեխայի միջազգային օրվա այս տարվա թեման հիմնված է Կայուն զարգացման 17 նպատակների վրա. կարգախոսն է՝ «Աղջիկների առաջընթաց՝ նշանակում է Նպատակների առաջընթաց»: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար բան Կի-Մունի՝ Աղջիկ երեխայի միջազգային օրվան նվիրված ուղերձու

Բան Կի-Մունի ուղերձում նաեւ ասվում է.

«Կայուն զարգացման օրակարգ – 2030» փաստաթղթի իրականացման հարցում առանցքային է աշխարհի 1,1 միլիարդ աղջիկների բարեկեցությունը, իրավունքների պաշտպանությունն ու զորացումն ապահովելը: Համաձայնության գալով այս օրակարգի շուրջ՝ մենք խոստացանք աղջիկներին ապահովել որակյալ կրթությամբ եւ առողջապահական ծառայություններով:

Մենք հանձն առանք վերջ տալ աղջիկների նկատմամբ խտրականությանն ու բռնություններին եւ այնպիսի վնասակար  իրողություններին, ինչպիսին է, օրինակ, մանկահասակ աղջիկների ամուսնությունը: Մենք պարտավորվեցինք ոչ մեկի չանտեսել:

Շատ հաճախ գյուղերում, չքավոր ավաններում եւ փախստականների ճամբարներում հենց աղջիկներն են անտեսվում՝ զուրկ լինելով սննդարար ուտելիքից, առողջապահական ծառայություններից, որակյալ կրթությունից եւ ենթարկվելով սեռական բռնության վտանգին:

Աղջիկների առաջընթացի գործում ներդրումը եւ՛ ճիշտ է, եւ՛ խելամիտ: Այն շղթայական ազդեցություն է ունենում զարգացման բոլոր ոլորտներում՝ ընդգրկելով նաեւ ապագա սերունդները:

Բայց այն, ինչ հնարավոր չէ չափել, չես կարող կառավարել։ Եթե չհավաքագրենք մեզ անհրաժեշտ տվյալները, երբեք չենք իմանա՝ արդյո՞ք հաջողվում է իրականացնել մեր խոստումները:

Հարկ է ապահովել, որ մեր նախաձեռնությունները հասնեն բոլոր աղջիկներին. ծայրահեղ աղքատության մեջ ապրող աղջիկներին, մեկուսացած գյուղական վայրերում ապրող աղջիկներին, հատուկ կարիքներով աղջիկներին, տեղաբնիկ համայնքներում ապրող աղջիկներին, ինչպես նաեւ փախստական կամ սեփական երկրում տեղահանված աղջիկներին:

Ժամանակին ստացված բարձրորակ տվյալները վճռորոշ նշանակություն ունեն՝ ցույց տալու, թե որտեղ ենք իրագործում մեր խոստումները, իսկ որտեղ՝ հետ մնում:

Եկե՛ք բոլորս ջանք թափենք՝ ապահովելու, որ ներառված լինեն բոլոր աղջիկները, որովհետեեւ բոլոր աղջիկները կարեւոր են»:

News.am