Էրդողանն ընդգրկվել է մամուլի ազատության թշնամիների ցուցակում
https://parstoday.ir/hy/news/world-i40939-Էրդողանն_ընդգրկվել_է_մամուլի_ազատության_թշնամիների_ցուցակում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ հայտնվել է «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) կազմակերպության կողմից կազմված «Մամուլի ազատության թշնամիները» ցուցակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2016 08:47 Asia/Tehran
  • Էրդողանն ընդգրկվել է մամուլի ազատության թշնամիների ցուցակում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ հայտնվել է «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) կազմակերպության կողմից կազմված «Մամուլի ազատության թշնամիները» ցուցակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Միհրը Deutsche Welle-ին հայտնել է, որ Էրդողան ը ցուցակում ներառվել է Թուրքիայում լրատվամիջոցների փակման և լրագրողների ձերբակալության համար պատասխանատու լինելու պատճառով:

Կազմակերպության տվյալներով` Թուրքիայում այս պահին բանտարկված է առնվազն 130 լրագրող, իսկ 140 լրատվամիջոց փակվել է: Միհրը նկատել է, որ ԶԼՄ-ների նկատմամբ բռնաճնշումները սկսվել են դեռևս նախքան հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի իրականացումը: Նրա համոզմամբ` այս հարցում առանցքային նշանակություն են ունեցել 2015 թվականի հունիսին կայացած ընտրությունները, որոնք չունեցան Էրդողանի ակնկալած արդյունքները: Այդ պահից արդեն ճնշումը լրատվամիջոցների նկատմամբ ավելացավ, իսկ հեղաշրջման փորձից հետո էլ ավելի մեծ թափ ստացավ: Միհրը նշել է, որ մամուլի նկատմամբ ճնշում իրականացնելու համար Էրդողանը կիրառում է լրատվամիջոցները փակելու և լրագրողներին ձերբակալելու միջոցները:

Անդրադառնալով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականացվող գործողություններին` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչը կատարվածը որակել է որպես «հարձակում անկախ լրագրության մնացած միակ ամրոցի վրա»

«Մամուլի ազատության թշնամիները» ցուցակում Էրդողանի հետ ներառված են 35 երկրի և կառավարության ղեկավար, քաղաքական և կազմակերպված հանցավոր խմբավորում: Դրանց շարքում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

orer.am/

 2/10/2016