ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ պատմության մեջ ամենաբացասական զեկույցը
https://parstoday.ir/hy/news/world-i41980-ԵՄ_ն_հրապարակել_է_Թուրքիայի_վերաբերյալ_պատմության_մեջ_ամենաբացասական_զեկույցը
Հրապարակվել է Եվրոպական Միության գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ կոշտ քննադատություններ պարունակող զեկույցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2016 05:17 Asia/Tehran
  • ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ պատմության մեջ ամենաբացասական զեկույցը

Հրապարակվել է Եվրոպական Միության գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ կոշտ քննադատություններ պարունակող զեկույցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Զեկույցում շեշտվել է Թուրքիայում դատական համակարգի անկախության, խոսքի ազատության եւ այլ ժողովրդավարական հիմնարար արժեքների բացակայությունը:

Զեկույցում, անդրադառնալով 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում իրականացվող մասսայական ձերբակալություններին, ասվում է.«Թուրքիան ցանկացած պարագայում եւ իրավիճակում պարտավոր է պահպանել անմեղության կանխավարկածի, քրեական պատասխանատվության անհատականության, իրավական որոշակիության, պաշտպանության արտոնության, իրավահավասարության եւ օրենքի գերակայության այլ հիմնարար սկզբունքները»:

Եվրախորհրդարանի` Թուրքիայի մասով զեկուցող Քեթի Պիրին, նախքան զեկույցի ներկայացնելը նշել է. «Այս  արժեքները չպահպանելով` Թուրքիան իր առջեւ  փակել է Եվրամիության դռները, եւ մինչեւ Թուրքիայի իշխանությունների օրենքի եւ մարդու իրավունքների գերակայության ճիշտ ճանապարհին վերադառնալը հարկավոր է կասեցնել Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու շուրջ բոլոր բանակցությունները»:

Պիրին նշել է նաեւ, որ անդամակցության գործընթացի սառեցման գլխավոր պատճառը Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի վստահության կորուստն է:

Եվրախորհրդարանի Կանաչների խմբակցության ղեկավարի տեղակալ Սկա Կելլերը հորդորել էր Եվրամիությանն առկախել Թուրքիայի հետ անդամակցության գործընթացի շուրջ բանակցությունները, քանի դեռ այդ երկրում իրադրությունը չի կարգավորվել:

Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Մարկուս Ֆերբերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին մեղադրական հայտարարություններ էր հնչեցրել` ասելով, որ նա հեղաշրջման ձախողված փորձն օգտագործել է «պետությունը վերակառուցելու նպատակով»:

Armenpress.am