Մի խումբ թուրք սպաներ ապաստան են խնդրել Գերմանիայից
Ռամշտայնում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայի թուրք սպաներն ապաստան են խնդրել Գերմանիայից: Այս մասին հաղորդել է Թուրքիայի «Զար նյուզ» ինտերնետային կայքը:
Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց մարզում գտնվող ՆԱՏՕ-ի «Ռամշտայն» ռազմաբազայում իրենց ծառայությունն անցկացնող մի քանի թուրք սպաներ Գերմանիայից ապաստան են խնդրել:
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչներից՝Փոլ Յունկերը հաստատել է այդ մասին լուրը:
Մարզի իշխանությունները, հիշեցնելով բազայի վերաբերյալ ներքին տվյալների գաղտնիությունն ապահովելու իրենց պարտականության մասին, դեռևս չեն հայտնել, թե քանի թուրք զինվորական է իրենց դիմել նման խնդրանքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, առնվազն 35 թուրք դիվանագետներ ապաստան են խնդրել Գերմանիայից:
«Վիրտուալ» կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է այդ երկրի արևելյան Վան քաղաքի քաղաքապետին և քաղաքապետարանի չորս աշխատակիցներին: Նրանք մեղադրվում են Թուրքիայի Քուրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) աջակցելու մեջ: