Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից հիասթափված լինելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i43378-Էրդողանը_հայտարարել_է_ԱՄՆ_ից_հիասթափված_լինելու_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան cbsnews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հիասթափված է Միացյալ Նահանգներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 07:18 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից հիասթափված լինելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան cbsnews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հիասթափված է Միացյալ Նահանգներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լրատվամիջոցի պաշտոնական կայքը, Էրդողանը քննադատել է Միացյալ Նահանգներն այն հարցում, որ ԱՄՆ-ը դեռևս հրաժարվում է իրենց հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, ում պաշտոնական Անկարան մեղադրում է զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձախողվել է սիրիական պատերազմում, և դա բացասաբար է ազդել իր երկրի վրա: Թուրքիայի նախագահի խոսքով` ԱՄՆ քաղաքականությունը հստակ սպառնալիք է ստեղծել իր երկրի հարավային սահմանների անվտանգության համար:

«Մենք այս խնդիրների մասին խոսել ենք, քննարկել նախագահ Օբամայի և փոխնախագահ Բայդենի հետ: Նրանք ձախողեցին խնդիրը լրջորեն կարգավորելու հնարավորությունը: Դա շատ տխրեցնող է մեզ համար: Թույլ տվեք անկեղծ լինել իմ խոսքում, և ես հայտնի եմ իմ անկեղծությամբ: Ես ճիշտ չեմ խոսի, եթե ասեմ, որ հիասթափված չեմ, որովհետև ես հիասթափված եմ»,- ասել է նա:

Անդրադառնալով երկրում ռազմական հեղաշրջման հարցին և ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին` Էրդողանն ընդգծել է. «Ես չեմ պատրաստվում հեղաշրջման համար մեղադրել Միացյալ Նահանգներին: Բայց այդպես կարող է մտածել իմ ժողովուրդը: Ինչո՞ւ եք դուք այդ մարդուն դեռ ձեզ մոտ պահում:  Ուստի քանի դեռ դուք նրան պահում եք այդտեղ, ներողություն եմ խնդրում, մի նեղացեք, բայց այդպիսին կմնա թուրք ժողովրդի ընկալումը»:

Armenpress.am