ԱՄՆ-ն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:
Համաձայն «Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման, Բրիջիթ Բրինքը երեքշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծելով ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն, ասել է, որ այս հակամարտությունը չպիտի նոր պատերազմի հանգի:
Բրիջիթ Բրինքը հայտարարել է, որ տարաձայնության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի համաձայնությունը բխում է երկու կողմերի շահերից:
Բրինքն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի լիազորությունների դադարեցվելուն ասել է, որ Վաշինգտոնը դեռևս այդ պաշտոնում նրան փոխարինող անձի վերաբերյալ որոշում չի կայացրել:
Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 21-ին «Թվիթեր»-ում կատարած գրառման մեջ տեղեկացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը թողելու մասին:
Ուորլիքը հայտարարել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի իր լիազորությունները: