Ավստրիան այլևս զենք չի մատակարարի Թուրքիային
Ավստրիայի կառավարությունն ընդունել է քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը, որն առաջարկում է դադարեցնել զենքի մատակարարումն այնպիսի երկրներին, որոնք գտնվում են ռազմական դրության մեջ կամ որտեղ կա ռազմական հեղաշրջման վտանգ։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, փաստաթղթում հատուկ նշված է Թուրքիան, որտեղ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, իսկ մատակարարված զենքը կարող է օգտագործվել ընդդիմության դեմ։
«Մենք դեմ ենք Թուրքիա դիպուկահար զենքի մատակարարմանը»,-մեջբերում է գործակալությունը պատգամավորներից մեկի հայտարարությունը, որը կոչ է արել մյուս երկրներին հետևել Վիեննայի օրինակին։
Փաստաթուղթն իրավական ուժ չունի, սակայն հատկանշական է, որ Ավստրիան ԵՄ առաջին երկիրն է, որը նման որոշում է կայացրել։
Ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է։
1in.am