ՆԱՏՕ-ն չի բացառում ապագայում Իրանի հետ համագործակցությունը. Ջեյմս Ափաթուրայ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի բացառում ապագայում Իրանի հետ համագործակցությունը։
Այդ մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է Բաքվում գտնվող Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը.
«Մենք չենք բացառում, որ դա տեղի կունենա ապագայում՝ ինչ-որ պահի, և իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է»։
Ափաթուրայն ընդգծել է, որ ներկա դրությամբ ՆԱՏՕ-ն չի ծրագրել համագործակցել Իրանի հետ, քանի որ նրանից չի ստացել որևէ ազդանշան։
Ափաթուրայի խոսքերով՝ միջուկային համաձայնագիրն ու պատժամիջոցների չեղյալ հայտարարումը նոր հնարավորություններ են բացում Իրանի համար և նրան հնարավորություն են տալիս էլ ավելի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում.
«Իրանը՝ պատմությամբ որպես մեծ երկիր, կարող է արտակարգ դրական դեր խաղալ տարածաշրջանում։ Իրանն ու տարածաշրջանի երկրները պետք է հանգեն խաղաղ համագոյակցությանը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության»։
Ափաթուրայը հավելել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի Աֆղանստանի հարցի շուրջ Ադրբեջանի հետ համագործակցելը։