Թուրքիան և Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել
https://parstoday.ir/hy/news/world-i45742-Թուրքիան_և_Ռուսաստանը_ռազմատեխնիկական_ոլորտում_համագործակցության_վերաբերյալ_համաձայնություն_են_ձեռք_բերել
Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են ընդլայնել երկու երկրների համագործակցության շրջանակները, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 12:58 Asia/Tehran
  • Թուրքիան և Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել

Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են ընդլայնել երկու երկրների համագործակցության շրջանակները, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝ բանակցությունների ընթացքում թուրքական կողմը կարողացել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ նոր համաձայնություն ձեռք բերել:
 

«Մենք չենք խոսել հստակ նախագծերի շուրջ, մենք ընդհանուր առմամբ քննարկել ենք բոլոր այս հարցերը: Երկու կողմերի համար էլ ակնհայտ է, որ մեր հարաբերությունների զարգացումն այլևս անհրաժեշտություն է: Մեր ռուս գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել վերականգնել այն ամենը, ինչ բաց ենք թողել մեկ տարի առաջ տեղի ունեցած ցավալի դեպքից մինչ այսօր», - ասել է Յըլդըրըմն ու հավելել, որ քննարկվող նոր նախագծերի շարքում կան խոշոր էներգանախագծեր, ինչպես նաև պաշտպանության և տիեզերական ոլորտում համատեղ գործունեության նոր հեռանկարներ:
  
Նշենք, որ նախօրեին կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանն, անկախ տեղի ունեցած տհաճ միջադեպերից, պետք է աշխատեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ և արագացնեն իրենց տեմպերը համատեղ նախագծերի իրականացման հարցում: 

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ որոշ պատճառներից ելնելով՝ երկու երկրների առևտրային հարաբերություններում որոշակի կանգ գրանցվեց, սակայն մենք կարծում ենք, որ պետք է միասին իրականացնենք մի շարք ընդհանուր և մեծ նախագծեր: Այսօրվա հանդիպումների առանցքային թեման տնտեսական և մշակութային ոլորտներին նոր թափ հաղորդելն է»,- ասել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

tert.am