ԼՂ կարգավորման շուրջ Մոսկվայի հետ սերտ համագործակցում ենք. ՄԽ ամերիկացի համանախագահ
Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև առկա հակասությունների, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը:
«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետև մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»,-ասել է նա:
Դեսպանի խոսքով՝ Մոսկվան ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում. «Ինձ համար միանշանակ է, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կվնասի Ռուսաստանի շահերին»:
Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունները սուր վատթարացման պայմաններում, բոլոր երեք համանախագահները սերտ համագործակցել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Սա մի ոլորտ է, որտեղ մենք կարող ենք ասել, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները չունեն որևէ բացասական ազդեցություն»:
Դեսպանի խոսքով, այս պահին միջնորդները փորձում են կողմերի միջև լիարժեք բանակցություններ վերսկսել:
«Մեր աշխատանքն է՝ ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտար երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել»,-ասել է նա:
Անդրադառնալով նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին՝ Ռիչարդ Հոգլանդը նշել է.«Մենք դեռ չենք հասել մի կետի, երբ միջազգային հանրությունը խաղաղապահների կամ տնտեսական օգնության միջոցով կարողանա երաշխավորել բռնության իսպառ վերացումը: Դա պետք է անեն հենց իրենք՝ առաջնորդները»:
Դեսպանի խոսքով, եկել է խնդրի իրական փոխզիջումային կարգավորման ժամանակը, որից կողմերը ոչ թե կկորցնեն, այլ յուրաքանչյուր կողմ կշահի.
«Վերջ ի վերջո, դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է՝ լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով: Երբ դա տեղի ունենա, տարածաշրջանի համար կբացվեն բոլոր տեսակի հնարավորություններ՝ կապի, բեռնափոխադրումների զարգացման, մեկուսացման նվազման, առավել ձեռնտու տնտեսական պայմանների համար: Այնպես որ, երկրները անմիջապես կզգան այդ դրական հետևանքները: Կզգան դրանք նաև ժողովուրդները»:
Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահն ավելացրել է, որ իր կարծիքով Վաշինգտոնին անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավվել խաղաղ գործընթացում:
«Համաձայն եմ, որ մեզ անհրաժեշտ է փոքր-ինչ ավելի ակտիվ լինել, սակայն մենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի ամենավաղ շրջանում ենք: Այս նոր վարչակազմը դեռևս նոր է մշակում իր արտաքին քաղաքական մոտեցումները և թիմը, այնպես որ, եկեք լինենք փոքր-ինչ համբերատար և տեսնենք, թե մոտ ամիսների ընթացքում այս ամենն ինչպես է զարգանում»,-ասել է նա:
Tert.am