ՄԽ համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, դեսպան Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և դեսպան Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից) հայտարարություն են տարածել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներով:
Ինչպես նշված է հայտարարությունում, Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի ընթացքը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում նախագահների մակարդակով հանդիպման մասին համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել հանդիպման կազմակերպման հարցում:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է նաև շփման գծում ներկայիս իրավիճակը:
Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
tert.am/