Գերմանական մեդիահոլդինգը Թուրքիայի դեմ դատական հայց է ներկայացրել եվրոպական դատարան
Գերմանական «WeltN24» մեդիահոլդինգը Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատական հայց է ներկայացրել,քանի որ թուրքական իշխանությունները շարունակում են կալանքի տակ պահել «Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելին:
Ըստ «WeltN24»-ի տնօրեն Շտեֆանի Կասպարի` իրենց աշխատակիցը հայտնվել է ճաղերի հետևում իր աշխատանքը կատարելու համար: Վերջինս խոստացել է, որ ընկերությունը օգտվելու է իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներից, որպեսզի պաշտպանի իրեն և իր աշխատակիցներին` հավելելով, որ թուրքական իշխանությունների նման պահվածքը չպետք է անպատասխան մնա: Գերմանիայի Դաշնային հանրապետության և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող Դենիզ Յուջելը ձերբակալվել է փետրվարի 14-ին Ստամբուլում: Երկու շաբաթ անց դատարանը նրան կալանվորել է` մեղադրելով ահաբեկչության քարոզչության և միջէթնիկական ատելություն բորբոքելու մեջ: Պաշտոնական Բեռլինը պնդում է, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են` գերմանացի լրագրողի կալանովրումը քաղաքականապես մոտիվացված համարելով: Լրագրողի պաշտպանության օգտին հանդես են եկել բազմաթիվ լրագրողներ և իրավապաշտպան կազմակերպություններ: Անձամբ Յուջելը Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք է ներկայացրել ապրիլին: Համաձայն անկախ լրգրողների հարթակի տվյալների` Թուրքիայում ավելի քան 160 լրագրող կալանքի տակ է գտնվում: 2016 թ-ից մինչ օրս երկրի իշխանությունները փակել են 130 տարբեր զանգվածային լրատվական միջոցներ:
Ankakh.com