Ղոդսի հարցով ԱՄՆ-ն լիովին մեկուսացվեց ԱԽ-ի նիստում
ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ օրն արտահերթ նիստ գումարելով քննարկեց Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Նիստում, որի ընթացքում ԱՄՆ-ն լիովին մեկուսացված դիրքում էր գտնվում, գրեթե բոլոր ներկաները դեմ արտահայտվեցին Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ-ի որոշմանը:
Միջին Արևելքի հաշտության գործընթացում ՄԱԿ-ի հատուկ համադրող Նիկոլայ Մալեդինովն այս նիստի սկզբում ասաց. «Թրամփի որոշումը կարող է հանգեցնել միակողմանի քայլերի վտանգավոր շարանի և տարածաշրջանում բռնարարքների սրման»:
ՄԱԿ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մաթիու Ռայքրոֆթն այդ նիստում ընդգծել է, որ Բրիտանիան իր դեսպանատունը Ղոդս փոխադրելու նպատակ չունի: Նրա խոսքերով, Բրիտանիան դեմ է ԱՄՆ-ի որոշմանը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչն էլ ասել է. «Փարիզը մտահոգ է և ցավ է հայտնում ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան, նշելով, որ իր երկիրը խիստ մտահոգված է Թրամփի քայլից, հավելեց, որ այդ որոշումն առավել բարդացնելու է իրավիճակը:
Չինաստանի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ:
Նիստին մասնակցող Շվեդիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Ուրուգվայի, Սենեգալի, Բոլիվիայի, Եթովպիայի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ճապոնիայի ու Հորդանանի ներկայացուցիչներն էլ հակառակելով Թրամփի որոշմանը, դրա կապակցությամբ մտահոգություն հայտնեցին:
Պաղեստինի ներկայացուցիչ Ռիազ Մանսուրն այս նիստում ընդգծելով, որ Ղոդսը պաղեստինցիների կարմիր գիծն է համարվում, նշել է. «Ղոդսը պաղեստինցիների սիրտն է եղել ու շարունակելու է մնալ այդպիսին»:
Դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին, անտեսելով Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու Թրամփի անխոհեմ քայլի կապակցությամբ միջազգային հանրության մտահոգությունն, ընդգծեց. «Վաշինգտոնը թույլ չի տա, որ ԱԽ-ն որոշի Իսրայելի ճակատագիրը»:
ՄԱԿ-ում Ղոդսը զավթած ռեժիմի ներկայացուցիչ Դաննի Դանոնն այս նիստում Նիքի Հեյլիի միակ հովանավորն էր, որ ողջունեց ԱՄՆ-ի որոշումը:
Նիստի ավարտին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Բրիտանիայի ու Իտալիայի ներկայացուցիչներն աննախընթաց քայլի դիմելով ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ-ի ընդունած որոշումն ԱԽ-ի բանաձևերին դեմ ու անօգտակար է բնութագրվել: