Վրաստանի նախագահը չի կարող ներել Սաակաշվիլիին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է‚ որ չի ցանկանում ներում շնորհել երկրի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին:
«Ի՞նչ տրամաբանությամբ ես պետք է ներում շնորհեմ Սաակաշվիլիին: Դատախազությունը չգիտի, թե ինչպես մեղադրանք առաջադրի և հետաքննություն սկսի, դատավորը չի կարողանում որոշել ներման հոդվածի անօրինական կիրառման սահմանը: Եվ ի՞նչ... Վրաստանի նախագահը պետք է ներու՞մ շնորհի և դրանով ուղղի նրանց սխալները»,- վրդովվել է Մարգվելաշվիլին:
Նշենք‚ որ նախագահը մեղադրել է Սաակաշվիլիին ներկայիս համակարգի ստեղծման մեջ, որտեղ դատախազությունը և դատարանը «գործում են հին ավանդույթներով», և նոր իշխանությունն ի վիճակի չէ վերացնելու այն:
Հիշեցնենք‚ որ հունվարի 5-ին Սաակաշվիլիին Վրաստանում մեղավոր են ճանաչել պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների չարաշահման մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման:
operativ.am/