Հունվար 28, 2018 11:16 Asia/Tehran
  • Միլոշ Զեմանը վերընտրվեց Չեխիայի նախագահ

Միլոշ Զեմանը, չեխական վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով, վերընտրվել է Չեխիայի նախագահ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ընտրությունների երկրորդ փուլում նա ստացել է ընտրողների ձայների 51,36%-ը: Զեմանի մրցակցի՝ Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Իրժի Դրագոշի օգտին քվեարկել է ընտրողների 48,63%-ը: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 66,6%-ը:

Զեմանի նախագահության օգտին է քվեարկել 10,6 մլն բնակիչ ունեցող երկրի 2 մլն 853 հզր քաղաքացի: Նրան դեմ են քվեարկել հիմնականում մայրաքաղաք Պրահայի եւ շրջակա բնակավայրերի ընտրողները: Երկրի մյուս շրջաններում Զեմանը հաղթել է:

«Չեխիայի հանրապետությունը հաղթեց Պրահային»,-հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վրատիսլավ Մինարժը: Նա նաեւ հայտնել է, որ Միլոշ Զեմանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 8-ին:

Զեմանը նախորդ անգամ Չեխիայի նախագահ է ընտրվել 2013 թվականի հունվարին։ Նա առաջին նախագահն է Չեխիայի պատմության մեջ, ով ընտրվել է ուղղակի ժողովրդի կողմից. նախկին նախագահներ Վացլավ Հավելը և Վացլավ Կլաուսն ընտրվել էին Չեխիայի խորհրդարանի կողմից։

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Պիտակ