Թիլերսոնն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i82981-Թիլերսոնն_ու_Չավուշօղլուն_քննարկել_են_Սիրիայում_տիրող_իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի թեմայով, հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 07:32 Asia/Tehran
  • Թիլերսոնն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի թեմայով, հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:

Նշվում է, որ կողմերը, մասնավորապես, մանրամասն քննարկել են թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ իրականացվող ռազմական գործողությունը:

Հեռախոսազրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ երկու պաշտոնյաները կապի են դուրս եկել Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից անմիջապես հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հայտարարել է, որ Աֆրինից հետո թուրքական ԶՈւ-ն կանցնի դեպի Մանբիջ՝ պայքարելու այնտեղի քուրդ զինյալների դեմ:

Մևլութ Չավուշօղլուն էլ, իր հերթին, կոչ էր արել ԱՄՆ-ին դուրս հանել իր զինվորներին Մանբիջից՝ թուրք-ամերիկյան ռազմական բախումից խուսափելու համար: Չավուշօղլուի պահանջներին ի պատասխան, սակայն, Պենտագոնից հայտնել էին, որ իրենց ուժերը Մանբիջից հետ քաշելու մտադրություն չունեն:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Tert.am