Սիրիական բանակցություններ Ժնևում. դիտորդները լավատես են
https://parstoday.ir/hy/news/world-i8710-Սիրիական_բանակցություններ_Ժնևում._դիտորդները_լավատես_են
Սիրիայից ռուսական զորքերի դուսրբերման, ինչպես նաև քրդերի կողմից «Հյուսիսային Սիրիայի Դաշնության» ("Federation of Northern Syria") հռչակման ֆոնին Ժնևում շարունակվում են սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք տևելու են մինչև մարտի 24-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 18, 2016 16:19 Asia/Tehran
  • Սիրիական բանակցություններ Ժնևում. դիտորդները լավատես են

Սիրիայից ռուսական զորքերի դուսրբերման, ինչպես նաև քրդերի կողմից «Հյուսիսային Սիրիայի Դաշնության» ("Federation of Northern Syria") հռչակման ֆոնին Ժնևում շարունակվում են սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք տևելու են մինչև մարտի 24-ը:

Սիրիական ընդդիմադիր խմբերի հետ բանակցությունների հիմնական թեման, ինչպես և ակնկալվում էր, միասնական կառավարության ստեղծումն ու քաղաքական տրանսֆորմացիան է: Դիտորդների կարծիքով այս անգամ բանակցություններն ավելի կառուցողական բնույթ են կրում, ինչը մեծապես պայմանավորված է Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ զինված գործողությունների դադարեցման գործընթացով:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան Դե Միստուրան հայտարարել է, որ առարկայական բանակցություններ է անցկացրել սիրիական ընդդիմության պատվիրակության հետ ազգային միասնության կառավարության ստեղծման շուրջ, հայտնում է AFP-ն: Միստուրան հայտնել է, որ ընդդիմադիր Բանակցությունների գերագույն հանձնաժողովի հետ բանակցությունները հստակ առաջարկներ են ներառել քաղաքական տրանսֆորմացիայի վերաբերյալ: Միաժամանակ ՄԱԿ-ի հատուկ բանագնացն ընդգծել է, որ «փխրուն բանակցությունները նոր խոչընդոտների են բախվում քրդերի կողմից դաշնային շրջանի հռչակման պատճառով», որն անմիջապես դատապարտվել է ինչպես սիրիական կառավարության, այնպես էլ ընդդիմության կողմից:

Բանակցությունների գերագույն հանձնաժողովից բացի Ժնևում ևս երկու ընդդիմադիր պատվիրակություն կա: Ինչպես նշում է TASS-ը, դրանցից մեկը «Մոսկվա-Կահիրե խումբն» է, որի կազմի մեջ մտել են Մոսկվայում, Կահիրեում և Աստանայում կայացած ընդդիմության կոնֆերանսների մասնակիցները, իսկ մյուսը ռուսական բազայում ստեղծված «Հմեյմիմ խումբն» է: Սիրիական կառավարական պատվիրակության կարծիքով այս 3 խմբերը պետք է միավորել մեկ պատվիրակության մեջ, որ Սիրիայի կառավարությունը հասկանա, թե ում հետ է բանակցում:

Սիրիական կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ալ-Ջաաֆարին հայտնել է, որ պատվիրակությունը Դե Միստուրային կարևոր գաղափարներ և առաջարկներ է ներկայացրել Սիրիայում ճգնաժամի խաղաղ լուծման ուղղությամբ, հայտնում է սիրիական տեղեկատվականSANA գործակալությունը: «Մենք դրանք «Հիմնարար տարրեր» ենք անվանում: Այս տարրերն արտացոլում են բոլոր սիրիացիների տեսակետը», - ասել է Ջաաֆարին՝ ընդգծելով, որ այդ տարրերից մեկը Սիրիայի միասնականության պահպանումն է:

Բանակցությունների այս փուլի դրական ձեռքբերումներից մեկն էլ ուղիղ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունն է, որն այս պահին ակներև է երկու պատվիրակությունների մոտ: Բայց պետք է նշել, որ եթե ռուսական ռազմական կոնտինգենտի հիմնական մասի դուրսբերումը Սիրիայից Ժնևում սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին որոշակի դրական ազդակ հաղորդեց, ապա քրդերի կողմից Սիրիայի հյուսիսիում դաշնային համակարգի հռչակումը լրջորեն վտանգում է այդ բանակցությունների արդյունավետությունը:

armedia.am/

18/3/2016