Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներն ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունը
Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները հինգշաբթի գիշեր Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովին առընթեր ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի կառավարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս հանդիպման ժամանակ հայտարարել են ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց երկրների հավատարմությունը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակը հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Փարիզը հավատարիմ կմնա Իրանի ու 5+1 խմբի միջուկային համաձայնությանը:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն այս հաղորդագրության մեջ ընդգծելով միջուկային համաձայնության պահպանման նշանակությունը հայտարարեց, որ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ ընթանում է նույն ուղղությամբ:
«Այս փուլում ԱՄՆ-ն գործադրում է համաձայնությունը և Փարիզը հույսով է, որ ամերիկացիները կշարունակեն այդ ընթացքը»,-նշված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին և եվրոպական երկրների պաշտոնատարները վերջին ամիսներին անգամներ ընդգծելով այն կետը, որ ՀԳՀԾ-ն պատկանում է միջազգային հանրությանն իրենց աջակցություն են հայտնել միջազգային այդ համաձայնությանը: