Ընտրությունների շեմին Թուրքիայի կառավարությունը դեմ է հանդես եկել համաներման կիրառմանը
Թուրքիայի նախագահը և վարչապետը մերժել են այդ երկրում անցկացվելիք վաղաժամկետ նախագահական ընտրությունների շեմին համաներում կիրառելու դիմումները: Այս մասին հաղորդել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Կիրակի օրը, մերժելով վաղաժամկետ նախագահական ընտրությունների շեմին համաներում հայտարարելու կապակցությամբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բաղչելիի դիմումը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Թուրքիայի կառավարությունը չի պատրաստվում համաներում հայտարարել»:
Շաբաթ օրը Դևլեթ Բաղչելին Twitter-ի իր էջում գրառում է կատարել: Նա իշխանություններին կոչ է արել հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին բանտարկյալների նկատմամբ համաներում կիրառել:
Ի դեպ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշելով, որ այս երկրում համաներման հարցը չի ներառվել օրակարգում, հավելել է․ «Կառավարությունը երբեք իր օրակարգում չի ներառելու ահաբեկիչների համաներման հարցը»: