Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել ի պաշտպանություն միջուկային համաձայնության
Եվրահանձնաժողովը տարածել է հայտարարություն, որում աջակցել է միջուկային համաձայնության իրականացմանը: Հայտարարությունը տարածվել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի և էներգիայի գծով Եվրամիության հանձնակատարի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո: Այս մասին տեղեկացնում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ ասված է. «Այս հանդիպումը վերահաստատում է Եվրահանձնաժողովի ու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հավատարմությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, հատկապես երրորդ հավելվածի նկատմամբ, որն ընդգծում է ոչ-ռազմական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը»:
Եվրահանձնաժողովը հավելել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի շրջանակում հաստատված միջուկային համաձայնագրի իրականացումն անհրաժեշտ է տարածաշրջանի զարգացման և աշխարհի անվտանգության ու խաղաղության համար»:
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը առ այսօր 10 զեկույց է ներկայացրել ՀԳՀԾ-ով սահմանված Իրանի պարտավորությունների կատարման վերաբերյալ: Եվրամիությունը կշարունակի ամբողջությամբ եւ արդյունավետորեն իրականացնել միջուկային գործարքը: