Ղրղզստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Ուզբեկստանի հետ սահմանային վեճը կարգավորելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i9310-Ղրղզստանը_դիմել_է_ՀԱՊԿ_ին_Ուզբեկստանի_հետ_սահմանային_վեճը_կարգավորելու_համար
Ղրղզստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Ուզբեկստանի հետ սահմանին առաջացած վեճը կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2016 16:03 Asia/Tehran
  • Ղրղզստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Ուզբեկստանի հետ սահմանային վեճը կարգավորելու համար

Ղրղզստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Ուզբեկստանի հետ սահմանին առաջացած վեճը կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը:

Ղրղզական կողմը պահանջում է, որ Ուզբեկստանը դուրս բերի զրահատեխնիկան և զինծառայողներին վիճելի տարածքից: Ուզբեկստանի պետական սահմանի պաշտպանության կոմիտեն պնդում է, որ «նշված ողջ տեխնիկան գտնվում է Ուզբեկստանի տարածքում, իսկ պետական սահմանի հատվածների պաշտպանությունն իրականացվում է ըստ երկկողմ պայմանավորվածությունների՝ առանց մտնելու չնկարագրված հատվածներ»:

«Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և խորհրդակցում ենք կազմակերպության հետ: Չսահմանազատված հատվածները պետք է հաստատվեն՝ ըստ միջազգային չափանիշների, և ոչ ոք չպետք է խախտի այդ պահանջը»,-ասել է Սարիևը: Նա նշել է, որ Ղրղզստանը պատրաստ է երկխոսության հարևան երկրների հետ հավասար պայմաններով:

«Մեզնից այսօր պահանջվում է մեկ բան` հավաստի տեղեկատվություն տրամադրել: Սակայն, պետք է հասկանալ, որ պետական հարցերում կան բաներ, որոնց մասին չենք կարող խոսել: Մենք ունենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը խաղաղ ճանապարհով բոլոր սահմանային հարցերը լուծելու համար»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սրվեց մարտի 18-ին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում: Ուզբեկները նաև անցակետ են տեղադրել Քերբեն-Ալա Բուկա հատվածում: Ի պատասխան այդ քայլի՝ Ղրղզստանը ուժեղացրել է իր ներկայությունը սահմանին:

armedia.am

23/3/2016