Ապրիլ 13, 2022 11:41 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին երկու տասնամյակում մեծ քայլեր է ձեռնարկել միջուկային տեխնոլոգիայի ձեռքբերման ուղղությամբ: Այս զարգացումները տեղի են ունեցել չնայած ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի խափանարարություններին ու թշնամությանը:

Որպես այս ոլորտում բեկումնային պահ՝ 2006 թվականի ապրիլի 9-ին հայտարարվեց Իրանի կողմից ուրանի հարստացման տեխնոլոգիաների ձեռքբերման և Նաթանզում ուրանի հարստացման ամբողջական շղթայի մեկնարկի մասին լուրը։ Իրանցի գիտնականներին հաջողվեց լաբորատոր մասշտաբով միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ արտադրել, և հայտարարվեց ուրանի հարստացման տեխնոլոգիային Իրանի հասանելիության և իրանական արտադրության ցենտրիֆուգների միջոցով հարստացման ամբողջական շղթայի գործարկման մասին լուրը: Իրանում նոր սերնդի ցենտրիֆուգների ձեռքբերման և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը այս հաջողության մասին լուրը հայտնելով, Իրանը հայտնվեց ուրանի հարստացման տեխնոլոգիա ունեցող երկրների շարքում և  միացավ Միջուկային ակումբին։ Այնուհետև, Մշակութային հեղափոխության Գերագույն խորհրդի հաստատմամբ, ի գնահատանք երկրում խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման գործում իրանցի երիտասարդ գիտնականների պատվաբեր ջանքերին, ապրիլի 10-ը՝ Իրանի պաշտոնական օրացույցում միջուկային վառելիքի ցիկլի ավարտի օրը, հռչակվել է «Միջուկային տեխնոլոգիաների ազգային օր»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը երկար ճանապարհ է անցել խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման համար: Իրանը 1958 թվականին դարձավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ, իսկ 1968 թվականին ստորագրեց Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (NPT), որը հաստատվեց  խորհրդարանի կողմից 1970 թվականին։ Իրանի միջուկային տեխնոլոգիա ձեռք բերելու գործընթացում 1967 թվականին ԱՄՆ-ն Իրանին վաճառեց առաջին 5 ՄՎտ հզորությամբ թեթև ջրի հետազոտական ​​ռեակտորը՝ ռադիոդեղամիջոցների արտադրության համար, և ամերիկյան (AMF) ընկերությունը տեղադրեց այդ ռեակտորը Թեհրանի համալսարանում և խոստացավ ապահովել այդ ռեակտորին անհրաժեշտ 20 մեգավատ վառելիքը:

Ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ պատասխանատու է այս հետազոտական ​​ռեակտորի համար, և նրան անհրաժեշտ վառելիքի ձողերը արտադրվում են տեղում: Մյուս կողմից, ըստ ուսումնասիրությունների, որոշվել է, որ ատոմակայանների կառուցմամբ ատոմային էներգիայից կարտադրվի ավելի քան 20000 մեգավատ էլեկտրաէներգիա։ Ըստ որոշ տեղեկությունների, 1974 թվականին Իրանի պլանը 20 տարվա ընթացքում վառելիքի ամբողջ ցիկլը տեղայնացնելն ու 22 ատոմակայանների միջոցով 23000 մեգավատ էլեկտրաէներգիա մատակարարելն էր, ինչի վերաբերյալ համաձայնագրեր ստորագրվեցին Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։ Գերմանիան սկսեց 1000 մեգավատ հզորությամբ երկու ռեակտորների կառուցումը Բուշերում 1970-ականներին, բայց Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, չնայած 85 տոկոս առաջընթացին, լքեց աշխատանքը։  Ֆրանսիան նույնպես սկսել է Դարխոյինի 360 մեգավատ հզորությամբ ռեակտորի կառուցումը 1970-ականներին, սակայն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո,  չնայած 10 տոկոս առաջընթացին, դադարեցրել է աշխատանքը:

Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումից հետո ԱՄՆ-ը և նրա տարածաշրջանային գործընկերները լայնածավալ ջանքեր գործադրեցին տարբեր մեթոդներով տապալելու նորաստեղծ Իսլամական Հանրապետությունը և վերջապես հրահրեցին 8-ամյա պարտադրյալ պատերազմը, որի պատճառով ավելի քան մեկ տասնամյակ դադարեցվեց Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը: 1978 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակով ատոմակայանների շինարարությունը դադարեցվեց արևմտյան երկրների կողմից, իսկ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ գոյություն ունեցող օբյեկտները, հատկապես Բուշերի էլեկտրակայանը, բազմիցս ենթարկվեցին իրաքյան ավիահարվածների՝ վնասելով առկա սարքավորումները և շինությունները:  Սակայն 1989 թվականից ի վեր առաջին քայլերն արվել են միջուկային խաղաղ ծրագրի վերականգնման համար։ Բուշեհրի միջուկային ռեակտորի կառուցումը լրացնելու աշխատանքից Գերմանիայի հրաժարվելու պատճառով Թեհրանը դիտարկեց մեկ այլ տարբերակ՝ Ռուսաստանը, և 1994 թվականի դեկտեմբերի 9-ին Իրանի և Ռուսաստանի միջև կնքվեց Բուշեհրի ատոմակայանը կատարելագործելու և շահագործման հանձնելու մասին պայմանագիր: Այս էլեկտրակայանը վերջապես մի քանի փորձարկումներից հետո, 2011 թվականին գործառնական ցիկլ մտավ և էլեկտրաէներգիա արտադրեց ։

2003 թվականին հակահեղափոխական խմբերը արևմտյան լրատվամիջոցներում լուրեր տարածեցին առ այն, որ Իրանը ձգտում է միջուկային զենք  արտադրել և այդպիսով Եվրոպան և Միացյալ Նահանգները զգայուն դարձան այդ թեմայի շուրջ և տարբեր պատրվակներով փորձեցին կասեցնել Իրանի միջուկային խաղաղ  գործունեությունը, սակայն 2005 թվականին Իրանը վճռականություն ձեռք բերեց և 2006թ. ապրիլի 10-ին, չնայած պատժամիջոցներին, կարողացավ նվաճել միջուկային վառելիքի արտադրության ամբողջական ցիկլը:

Ձեռք բերելով նոր սերնդի ցենտրիֆուգներ և այդ մասին տեղեկացնելով  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, իրանցի գիտնականներն ու փորձագետները Իրանին դասել են ուրանի հարստացման տեխնոլոգիա ունեցող երկրների շարքում, ապա Իրանը միացել է միջուկային ակումբի անդամ երկրներին: Իրանի ութերորդ կառավարության օրոք, այս կառավարությունը մի քանի համաձայնագրեր է ստորագրել եվրոպական կողմերի հետ, որոնք աստիճանաբար դադարեցրել են Իրանում միջուկային գիտելիքի հետ կապված գործունեությունը և ուսումնասիրությունները։ Իրանի Իսլամական Հանրապետության իններորդ կառավարության առաջին տարում Թեհրանը հայտարարեց, որ հարստացման կամավոր կասեցումն ավարտվել է և կշարունակի Սպահանի UCF օբյեկտի գործունեությունը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո: Չնայած Արևմուտքի քարոզչության և մեդիա պատերազմին, խաղաղ միջուկային գործողությունների շարունակվելը, ինչպես նաև Իրանին ուղղված ռազմական միջուկային ծրագիր հետապնդելու մասին մեղադրանքների պատճառով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին փոխանցեց Իրանի միջուկային հարցը: 

Բազմաթիվ վայրիվերումներից և Իրանի միջուկային հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին փոխանցելուց և պատժամիջոցների մի քանի բանաձևերի ընդունումից հետո, և մի ​​քանի բանակցությունների արդյունքում, 2015 թվականի հուլիսին, Իրանի և 5+1 խմբի միջև կայացավ ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունը:  

Այս համատեքստում, ընդունելով գործունեության, օբյեկտների և միջուկային նյութերի նկատմամբ որոշ սահմանափակումների կիրառումը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսչական ստուգումների ավելացումը, և Լրացուցիչ արձանագրության կամավոր կիրառումը, անվտանգության Խորհրդի 2231 բանաձևի շրջանակում որոշվեց չեղարկվեն Իրանի դեմ սահմանված ՄԱԿ-ի պատժամիջոցները: Չնայած ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությանը, այդ համաձայնության իրագործման հենց սկզբից ԱՄՆ կառավարությունը չկատարեց իր պարտավորությունները Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ: ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին միշտ մտահոգել են Իրանի միջուկային կարողությունների ընդլայնումը: Չնայած Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում միշտ կատարել է իր հանձնառությունները, սակայն 2018թ. Մայիսին, Թրամփի կառավարության օրոք, ԱՄՆ-ը դուրս եկավ այդ համաձայնությունից և Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառեց: Մյուս կողմից, 4+1 խմբի եվրոպական կողմը նույնպես թերանում էր իր հանձնառությունների կատարման մեջ, այդպիսով Թեհրանը հինգ փուլում նվազեցրեց իր միջուկային պարտավորությունները, ապա իսլամական խորհրդարանի վավերացրած նախագծի շրջանակում, նոր քայլեր ձեռնարկեց միջուկային զարգացման ուղղությամբ: Այդ թվում կարելի է անդրադառնալ 20 տոկոսանոց ուրանի հարստացմանը, 60-տոկոսանոց ուրանի հարստացման թեմայի արծարծմանը, մետաղյա ուրանի արտադրությանը և միջուկային օբյեկտների և սարքավորումների ընդլայնմանը, որոնք խիստ մտահոգություն առաջացրին Վաշինգտոնի և նրա տարածաշրջանային դաշնակիցների, հատկապես Սիոնիստական ռեժիմի մոտ:

Գործակալության հետ համագործակցության մակարդակի իջեցումը Լրացուցիչ արձանագրության իրագործումը դադարեցնելու ոլորտում տեղի է ունեցել Իսլամական խորհրդանում վավերացված նախագծի շրջանակներում և ի պատասխան Եվրոպայի խոստումների չկատարման: Իհարկե, Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ամբողջությամբ իրականացնել իր պարտավորությունները, եթե կատարվեն պայմանները, այդ թվում՝ պատժամիջոցների վերացումն ու ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ-ի համաձայնության։ Միջազգային հարցերով փորձագետ Մոհսեն Ջալիլվանդը նշել է, որ Իրանի միջուկային կարողությունների վերահսկումը շատ կարևոր է եվրոպացիների և ամերիկացիների համար և ամերիկացիները ձգտում են սահմանափակել Իսլամական Հանրապետության կարողությունները:

Թեև Իրանի միջուկային զարգացումը խաղաղ նպատակներ է հետապնդում, սակայն ԱՄՆ-ն և նրա եվրոպացի դաշնակիցները դա օգտագործում են որպես պատրվակ՝ Թեհրանին մեղադրելու միջուկային ռազմական նպատակներ հետապնդելու մեջ: Այս մեղադրանքը կրկնվում է Բայդենի վարչակազմի անվտանգության փաստաթղթում, որը կոչվում է «Ազգային անվտանգության ռազմավարության միջանկյալ ուղեցույց»: Այն հրապարակվել է 2021 թվականի մարտին, և կրկին հայտարարվել է, որ Միացյալ Նահանգները դիմակայելու է Իրանի միջուկային ծրագրին։ Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի նոր մեղադրանքը Թեհրանի դեմ ցույց է տալիս,որ ԱՄՆ-ն վախենում է տարբեր հարթություններում Իրանի ազգային հզորացումից: 

Ավստրալացի լրագրող և քաղաքական փորձագետ Քեյթլին Ջոնսթոնն ասում է.««Բայդենի քաղաքականությունն Իրանի նկատմամբ նույնն է, ինչ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ»: 

ԱՄՆ-ը և նրա եվրոպացի գործընկերները Սիոնիստական ​​ռեժիմի հետ միասին բազմիցս մեղադրել են Իրանին միջուկային ծրագրում ռազմական նպատակներ հետապնդելու մեջ և նույնիսկ շարունակել են հնչեցնել այդ մեղադրանքները Վիեննայում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ժամանակ: Իրանը հերքել է այդ մեղադրանքները, և հայտարարել է, որ որպես NPT-ի դաշինքն ստորագրող երկիր և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիա ձեռք բերել: ՄԱԳԱՏԷ-ն ևս բազմիցս իր զեկույցներում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրում շեղվածություն չի նկատվել:

Պիտակ